Le Monde-ն հայտնել է, որ Մակրոնին ևս գաղտնալսել են Pegasus-ի միջոցով. նախագահը կարգադրել է հետաքննություն անցկացնել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրամայել է հետաքննություն անցկացնել այն բանից հետո, երբ տեղեկություն է տարածվել առ այն, որ նրա հեռախոսը հնարավոր է գաղտնալսվել է սկանդալային Pegasus ծրագրի միջոցով:
Ինչպես նշում է kommersant.ru-ն, այս մասին գրում է Le Monde պարբերականը` մանրամասնելով, որ գաղտնալսման թիրախ է դարձել ֆրանսիացի ևս 15 նախարար:
Մակրոնի հրամանի մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեկսը: Ըստ նրա, եթե լրատվամիջոցներում տրված տեղեկատվությունը հաստատվի, ապա այդ ամենը «շատ լուրջ» է: Նա հավելել է, որ Ֆրանսիայի իշխանությունները հետաքննություն կանցկացնեն իրավիճակի վրա «լույս սփռելու» համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարությունը երկրի ընդդիմության կողմից մեղադրվել է «դավաճանության և աններելի սրբապղծության» համար այն բանից հետո, երբ բացահայտվել է, որ ավտորիտար կառավարությունները վերահսկել են լրագրողներին, ընդդիմությանը և այլախոհներին իսրայելական Pegasus ծրագրի միջոցով: Այդ պետությունների շարքում է նաև Հնդկաստանը:
Նման եզրակացության են եկել արտասահմանյան լրատվամիջոցները համատեղ հետաքննության շրջանակներում` բացահայտելով, որ Pegasus-ն օգտագործվել է Հունգարիայում, Ադրբեջանում, Հնդկաստանում, Սաուդյան Արաբիայում և այլ պետություններում` ապօրինի վերահսկողության համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ նշված ծրագիրը պատկանում է իսրայելական NSO Group ընկերությանը, որի հաճախորդները 2016-ից ի վեր եղել են ավտորիտար պետությունները: Ընդհանուր առմամբ, 50 000 մարդու վերաբերյալ անձնական տվյալների արտահոսք է եղել: Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք հետաքրքրություն են ներկայացնում երկրների կառավարությունների համար: Ենթադրվում է, որ Pegasus ծառայության միջոցով հետաքրքրություն ներկայացնող օբյեկտները գաղտնալսվել են:
Հայտարարության մեջ Հնդկաստանի Կոնգրեսը Մոդիի կառավարությանը մեղադրել է «լրտեսական ռեկետի» «տեղակայողը և կատարողը» լինելու համար:
Ավելին․․․