Հայտնի են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի «Արցախյան պատերազմ 2020 ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ» լուսանկարների մրցույթի հաղթողները
Հուլիսի 20-ին կայացավ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից հայտարարված «Արցախյան պատերազմ 2020 ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ» խորագրով լուսանկարների մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:
1․500․000 ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթին ներկայացվել էր շուրջ 80 լուսանկար:
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը կարեւորել է մրցույթի անցկացումը, նշելով, որ վերջինիս առաքելությունը պատերազմական օրերին լուսանկարների միջոցով արձանագրված փաստերը հավաքագրելն ու պատմական արդարության վերականգնման նպատակով դրանք սերունդներին փոխանցելն էր:
Ստորև ներկայացնում ենք ըստ անվանակարգերի հաղթող ճանաչված լուսանկարները եւ դրանց հեղինակներին:
«Վայրագություններ մարդկության դեմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Դավիթ Ղահրամանյանի «Փրկարարներ և մահացած տատիկ» լուսանկարը: Այն արվել է նոյեմբերի 6-ին՝ Ստեփանակերտում: Ադրբեջանի զինված ուժերի կողմից արձակված ավիառումբի հետևանքով այս նույն ավերված տան մեջ զոհվել էին երկու երիտասարդներ և նրանց տատիկը:
«Հերոսապատումներ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Վաղինակ Ղազարյանի «Քնած զինվոր» լուսանկարը։ Պատերազմի ժամանակ մարդն ավելի է մոտենում հողին, քնում - արթնանում է հողե խրամատում, ռմբակոծվում ու թաղվում է այն հողի մեջ, որի համար պայքարում է։ Հայկական լեռնաշխարհի ողնաշարին ձուլված քնած զինվորի թիկունքը, իր բնապատկերի օրգանական մասն է կազմում: Խրամատն իր տունն է դառնում. տուն՝ առանց տանիքի ու պատերի։
«Միասնական թիկունք» անվանակարգում հաղթող է ճանաչվել Վահե Մելքոնյանի «Կուռ թիկունք, հզոր երիտասարդություն» լուսանկարը։ Հյուրանոցի նկուղային հարկում գտնվող գիշերային ակումբը երիտասարդ սեփականատերերի կողմից (Արսենի ղեկավարությամբ) վեր էր ածվել էվակուացիոն կայանի: Այստեղ ընդունում էին պատերազմական գոտուց եկած տարեցների, կանանց ու երեխաների՝ ապահովելով նրանց և՛ սնունդը, և՛ գիշերակացը, և՛ տեղափոխումը դեպի Հայաստան:
Նշենք, որ լուսանկարների գնահատման գործընթացին ներգրավված էին տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ Հայաստանից եւ արտերկրից: Ժյուրիի կազմում էին Ռուբինա Մարգոսյանը (EVN Report), ֆոտոլրագրողներ Արեգ Բալայանը, Նազիկ Արմենակյանը, Էրիկ Գրիգորյանը, Քեն Մարտինը, Ջեքի Աբրամյանը (Forbes), ինչպես նաեւ Աննա Նաղդալյանը: