Երկու հնարավորություն կա՝ վերադառնալ «Իզմիրլյան» ԲԿ տնօրենի պաշտոնին, կամ ընդունել պատգամավորական մանդատն ու գործունությունս շարունակել ԱԺ-ում․ Արմեն Չարչյանն ազատ արձակվեց (տեսանյութ)
Ես մի ամիս հանգստացա, ուղեղս անջատեցի, հետաքրքիր գրքեր կարդացի, հեռուստացույց դիտեցի, ինձ չէին անհանգստացնում, գիշերը ժամը 3-ին չէին ասում՝ հիվանդանոցում դեպք կա։ Տուժեցին ՀՀ այն քաղաքացիները, որոնց կարող էի օգնություն ցույց տալ, բայց, մեկ ամիս անազատության մեջ լինելով, չկարողացա։ Այս մասին կալանքից ազատվելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց բժիշկ, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանը։
«Սա իրավական գործընթաց է, որը պետք է իր իրավական պատասխանն ստանա, հետագա ընթացքը դատը ցույց կտա։ Ես կարող եմ մի բան ասել՝ շատ շնորհակալ եմ բոլորին, ովքեր իմ այս դժվար օրերին իմ կողքին եղան, շնորհակալ եմ փաստաբաններին, կոլեկտիվին»,-ասաց նա։
Անդրադառնալով իր առողջական վիճակին՝ Չարչյանն ասաց․ «Այն ահռելի ճանապարհը՝ երկրաշարժ, Արցախյան պատերազմ, մասնագիտական դպրոցի հիմնում, բժշկական հաստատության ղեկավարում, հետո նորից պատերազմ, կորոնավիրուս, որը ես անցել եմ, իր գինն ունի՝ կյանք և առողջություն»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի պաշտոնին, Չարչյանն ասաց, որ իր կամքով է ազատվել այդ պաշտոնից։ «Ես եմ խնդրել հիմնադրին, որ ինձ ժամանակավորապես ազատեն այդ պաշտոնից, որ շահարկման առարկա չլինի, որ ես, լինելով տնօրեն, կարող եմ ինչ-որ ազդեցություն ունենալ։ Այսօր իմ առաջ երկու հնարավորություն կա՝ վերադառնալ «Իզմիրլյան» ԲԿ տնօրենի պաշտոնին, կամ ընդունել պատգամավորական մանդատն ու իմ գործունեությունը շարունակել ԱԺ-ում՝ որպես պատգամավոր»,-ասաց Չարչյանը։
Ավելին․․․