«Սա գրում եմ ո՛չ թե որպես ի ծնե արքայազն, այլ որպես տղամարդ, որը դարձել եմ»․ արքայազն Հարրին կյանքի ճշմարտությունը պատմող հուշագրություն կգրի (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի արքայազն, Սասեքսի դուքս Հարին գրքի միջոցով պատմելու է իր կյանքի պատմությունը, հայտնում է Penguin Random House հրատարակչությունը, որն էլ տպագրելու է աշխատանքը։
Հրատարակչությունը նշել է, որ իր կյանքի պատմությունը ներկայացնող հուշագրության մեջ մեր ժամանակի ամենաազդեցիկ և հետաքրքիր մարդկանցից մեկն առաջին անգամ պատմելու է իր փորձությունների, արկածների, կորուստների և կյանքի դասերի մասին, որոնք ձևավորել են իրեն։ Լուսաբանելով իր կյանքը՝ մանկությունից մինչև ներկա, ներառյալ նվիրվածությունը զինվորական ծառայությանը, հայր ու ամուսին լինելու ուրախությունը, արքայազն Հարին ընթերցողներին ներկայացնելու է անկեղծ և հմայիչ անձնական պատկերը, ինչն ընթերցողներին ցույց է տալու, որ ամեն ինչի հիմքում ոգեշնչող, համարձակ և հուսադրող մարդկային պատմությունն է։
«Ես սա գրում եմ ո՛չ թե որպես ի ծնե արքայազն, այլ որպես տղամարդ, որը դարձել եմ։ Իմ կյանքի ընթացքում ես բազմաթիվ գլխարկներ եմ կրել, բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով, և հույս ունեմ, որ պատմելով իմ կյանքի վերելքների և վայրէջքների, սխալների և քաղած դասերի մասին կարող եմ ցույց տալ, որ անկախ նրանից, թե որտեղից ենք մենք սերում, շատ ընդհանուր բաներ ունենք, քան կարծում ենք», - ասել է արքայազն Հարին և հավելել, որ երախտապարտ է կյանքի ընթացքում իր սովորածը կիսելու հնարավորության և ոգևորված` իր կյանքի ամբողջական և ճշմարտացի պատմությունը կարդալու մարդկանց հնարավորության համար։
Հրատարակչության գործադիր տնօրեն Մարկուս Դոլը, իր հերթին, նշել է, որ ուրախ են արքայազնի գիրքը տպագրելու հնարավորության համար՝ նրան ընդգրկելով աշխարհի հռչակավոր առաջնորդների, խորհրդանիշերի և աշխարհը փոխող մարդկանց շարքում։
«Արքայազն Հարին օգտվել է արքայազնի, զինվորի և սոցիալական հարցերի բանիմաց պաշտպանի իր կյանքի փորձից՝ հաստատելով ինքն իրեն որպես համարձակությամբ և անկեղծությամբ ճանաչված համաշխարհային առաջնորդ, ինչի համար էլ ուրախ ենք նրա հուշագրությունը հրատարակելու առթիվ», - նշել է Penguin Random House-ի գործադիր տնօրենը։
Գիրքը հրատարակվելու է Միացյալ Նահանգներում, Կանադայում և Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև հասանելի կլինի գրքի աուդիո տարբերակը։ Հուշագրությունը հրատարակվելու է 2022 թվականի աշնանը, ողջ հասույթը փոխանցվելու է բարեգործության։
Ավելին․․․