Զանգեզուրի կոմբինատը կարող է մեկ-երկու օրից կանգնել․ Վահե Հակոբյան
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի խոսքով՝ կոմբինատը 20 մլն դրամից ավել եկամտից արդեն զրկվել է։
Զանգեզուրի պղինձամոլիբդենային կոմբինատը կարող է մեկ-երկու օրից կանգնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
Վահե Հակոբյանն անդրադարձավ նաև այսօր ԱԺ–ում ընդունված օրինագծին, որն ըստ որոշ իշխանականների՝ հանքերն ազգայնացնելու վերաբերյալ է։ Ըստ Հակոբյանի՝ դա անհեթեթություն է։
«Դա անհեռատես, անխելք օրինագիծ է, հակասում է ներդրումային ընկերությունների իրավունքներին։ Անգամ եթե պատկերացնենք, որ այդ օրինագիծը որպես օրենք կյանքի է կոչվելու և փակվելու են հանքարդյունաբերության բոլոր հիմնարկները, դա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը քանդվելու է։ Բայց ես համոզմունք ունեմ, որ բանը դրան չի հասնի, որովհետև օտարերկրյա ներդրողները պաշտպանված են օրենքով և առնվազն 5 տարի իրավունք չկա որևէ հարկային օրենքի փոփոխություն»,– հավելեց նա։
Հիշեցնենք` երեկ առավոտյան համացանցում տեսանյութեր տարածվեցին, որոնցում երևում էր, որ ԱԱԾ հատուկ «Ալֆա» ջոկատի ներկայացուցիչները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում էին։
Նրանք արգելում էին տեսանկարահանումը, սակայն համացանցում կարճ կադրեր էին հայտնվել։ Տեսանյութերից մեկում երևում էր, թե ինչպես են հատուկջոկատայինները բերման ենթարկում կոմբինատի անվտանգության աշխատակցին։
Ավելի վաղ Վահե Հակոբյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանություններն արդեն ավելի քան 12 օր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին թույլ չեն տալիս խտանյութ արտահանել։