Հայ «առաջադեմ» հասարակություն, տարիներով քարոզում էիք, որ Արցախը Հայաստան չէ, այն ձեզ խանգարում է «լավ ապրելու» և ադրբեջանցիների հետ քիրվայություն անել. զայրացա՞ծ եք Ալիևի հայտարարության վրա. Իշխանյան
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին: Նա մասնավորապես նշել է՝ հայ «առաջադեմ» հասարակությունը զայրացած է Ադրբեջանի նախագահի հերթական հայտարարության վրաև հավելել՝ նրանք ձևեր են թափում, հայրենիք չունեն: Գրառումը՝ ստորև.
«Հայ «առաջադեմ» հասարակությունը զայրացած է Ադրբեջանի նախագահի հերթական հայտարարության վրա։ Իսկապե՞ս զարմացած և զայրացած ե՞ք։ Ոչ, դուք ձևեր եք թափում, դուք հայրենիք չունեք։ Դուք տարիներով քարոզչություն էիք տանում, որ Արցախը Հայաստան չէ, որ այն ձեզ խանգարում է «լավ ապրելու» և ադրբեջանցիների հետ քիրվայություն անելու համար։
Դուք ծափահարություններով ընդունեցիք Արցախի անկումը, հիացաք այն հանձնողի խոսքերով՝ «Շուշին դժգույն քաղաք էր», «Շուշին ադրբեջանական քաղաք է»։ Դուք չըմբոստացաք նաև, երբ ձեր իսկ օժանդակությամբ Արցախը թշնամուն նվիրած անձը հայտարարեց, որ Հայաստանը վերահսկում է բուն ադրբեջանական տարածքներ։ Հայաստանի Հանրապետության տարածքներ ներխուժած թշնամուն դուք ընդունեցիք՝ հայտարարելով, որ նրանք եկել են իրենց տները։