Փողոցային պայքարը շարունակվելու է, առաջիկայում կարևորելու ենք անհնազանդության ակցիաները. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
Եթե Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունենար, ապա 270 000 քաղաքացիներին, որոնք մեզ են քվեարկել, հատ-հատ կձերբակալեր: Այս մասին այսօր «Հայաստան» դաշինքի ասուլիսի ժամանակ ասաց դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը:
«Ակնհայտ է, որ ճնշումները փորձելու են շարունակել, բայց մի կարևոր հանգամանք և փաստ չեն հասկանում, որ դա մեզ չի ընկճելու, դա մեզ մեր պայքարից ետ չի պահելու և բոլոր ուղղություններով պայքարը շարունակվելու է»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:
Նա նաև անդրադարձավ խորհրդարանական մանդատներին և նշեց, որ վերջնական որոշումը կկայացվի Սահմանադրական դատարանի որոշումից հետո:
«Մենք մանդատների վերցնելը դիտարկում ենք հետևյալ տեսանկյունից, որ արդյո՞ք այդ մանդատների վերցնելը մեր պայքարի նոր խթան է հանդիսանալու, և արդյո՞ք նպաստելու է մեր պայքարի ընդլայնմանը, այդ տրամաբանությամբ ենք մենք որոշում կայացնելու»,- նշեց նա: