Այս պայմաններում սահմանային դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց չի կարող տեղի ունենալ, դա կարող է նույնիսկ ավելի մեծ լարվածություն բերել․ Արման Թաթոյան
Յուրաքանչյուր միջադեպի հետ կապված կարևոր է, որպեսզի քրեական գործեր հարուցվեն։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով սահմանային միջադեպերին և ադրբեջանական կողմի գործողություններին։
«Քրեական գործեր հարուցելով մենք ապացույցներ ենք ապահովում, որպեսզի պաշտպանենք մեր քաղաքացիներին միջազգային ասպարեզներում, քանի որ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված ապացույցն այլ արժեք ունի, քրեական գործով հարուցված ապացույցները՝ այլ»,–ասաց նա։
Նա կարևորեց սահմանային բնակչության իրավունքների պաշտպանությունը և անդրադարձավ դելիմիտացիայի և դեմարկացիայի հնարավորությանը։ «Իմ կարծիքով՝ այս պայմաններում սահմանային դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց չի կարող տեղի ունենալ, դա կարող է նույնիսկ ավելի մեծ լարվածություն բերել բնակիչների իրավունքների պաշտպանության առումով, որոնք շարունակում են մնալ խախտված»,– ասաց նա և նշեց, որ կամ էլ դելիմիտացիան և դեմարկացիան պետք է սկսի ադրբեջանցի զինվորականների հեռացմանը զուգահեռ։