«Մոբիլիզացնում ենք 2,3 մլրդ եվրո՝ մինչև 17 մլրդ ներդրումներ ներգրավելու համար». մեկնարկել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատարի այցը Հրվ. Կովկաս
Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյլին տարածաշրջանային այցը սկսել է Վրաստանից։ Պաշտոնյան համապատասխան գրառում է արել թվիթերյան միկրոբլոգում:
«Հարավային Կովկաս առաջին այցս սկսեցի գեղեցիկ Վրաստանում։ Այս առավոտ կապակցման և վերականգնման վերաբերյալ կլոր սեղանին ներկայացնում եմ մեր հավակնոտ տնտեսական ու ներդրումային ծրագիր Արևելյան գործընկերության համար։ Մենք մոբիլիզացնում ենք 2,3 միլիարդ եվրո՝ մինչև 17 միլիարդ եվրո ներդրումներ ներգրավելու համար»,- գրել է Վարհեյլին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օլիվեր Վարհեյլին հուլիսի 6-9-ը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան:
«Անհամբերությամբ սպասում եմ Հարավային Կովկաս՝ Վրաստան, Ադրբեջան և Հայաստան, իմ այցին, որպեսզի ներկայացնեմ տնտեսական և ներդրումային ծրագիրը: Ես նաև կքննարկեմ երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերն ու կորոնավիրուսի դեմ պայքարը»,-գրել էր նա Twitter-ի իր էջում: