Մարդիկ հավատում են, որ նախկիններն են ստիպել, որ նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ հայտարարությունը ստորագրվի և կան զանգվածներ, որոնք հավատում են դրան. Ռոբերտ Քոչարյան
Ժողովուրդը մեծ տեղեկատվական ճնշման է ենթարկվել, և երբ կարծիք ձևավորողների այդ բանական ինստիտուտը փլուզվում է, տեղեկատվական ճնշումը շատ ավելի ուժգին է դառնում: Այս մասին այսօր «Հայաստան» դաշինքի 1-ին ընդհանուր ժողովի ժամանակ ասաց ՀՀ 2-րդ նախագահ և դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը:
«Մեր շտաբերի աշխատողները ինձ ասում էին հետևյալը, որ կան բազմաթիվ մարդիկ, որ համարում են՝ վարչապետին ուղղակի պարտադրել են նախկինները ստորագրել նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ հայտարարությունը, մարդկանց այդպիսի բացատրություն են տալիս վարչապետին արդարացնելու համար, և կան զանգվածներ, որոնք հավատում են սրան»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Նա նաև նշեց՝ հավատալ, որ նման իրավիճակում կարող ենք ունենալ պայծառ ապագա, չափազանց կասկածելի է:
«Մեր խնդիրներից մեկը պետք է լինի ապագայում անել ամեն ինչ, որ այս իրավիճակից մեր հասարակության մի մասին կարողանանք հանել»,- նշեց նա:
Դաշինքի ղեկավարը նաև հարց ուղղեց իր թիմին, թե ի՞նչ հարց են լուծել արտահերթ ընտրությունները, որոնք ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար էին:
«Ներքաղաքական ճգնաժամը ստեղծվել է 1-ին հերթին պատերազմում պարտվելու, հողային կորուստներ ունենալու և բազմաթիվ մարդկային զոհեր ունենալու պատճառով, և այս արտահերթ ընտրությունները իրենց նպատակին չեն ծառայել»,- նշեց նա:
Նա նաև ընդգծեց, որ «Հայաստան» դաշինքը այն ուժն է, որը պայքարելու է այս ճգնաժամը հաղթահարելու համար:
«Իմ կանխատեսումներն են, որ մենք արտահերթ ընտրություններ ենք ունենալու 1,5 տարի հետո և հասունանալու է նոր ընտրությունների պահանջարկը»,- նշեց նա: