«Հայաստան» դաշինքը ունի դատական ակտ, որով հաստատվել է, որ վարչական ռեսուրսի չարաշահում է կիրառվել. Արամ Վարդևանյան (տեսանյութ)
Ես տեղյակ եմ, թե մեզանից շատ-շատերը ինչ ճնշումների են ենթարկվել, բայց այդ ճնշումներից ոչ մեկն արդյունք չի տվել: Այս մասին այսօր «Հայաստան» դաշինքի 1-ին ընդհանուր ժողովի ժամանակ ասաց դաշինքի անդամ Արամ Վարդևանյանը:
«Այլ հարց է, որ արդեն այլ փուլում այդ ճնշման դեպքերը լինելու են Սահմանադրական դատարանում քննության առարկաներից մեկը, քանի որ ընտրությունները պարզապես քվեարկությունը չէ, ողջ գործընթացն է, որն ավարտվում է քվեարկության օրով և բոլոր դեպքերը, որոնք մենք ունեցել ենք, երբ մարդկանց ուղղակի առանց ոչ մի պատճառի բերման էին ենթարկում»,- նշեց նա:
Արամ Վարդևանյանը նաև ներկայացրեց, թե ինչ հարցեր են բարձրաձայնվելու Սահմանադրական դատարանում։ Խոսելով վարչական ռեսուրսի չարաշահումների մասին՝ նա նշեց, որ անզեն աչքով նկատելի էր, թե ինչպես են հազարավոր ոստիկաններ միշտ ուղեկցում ՔՊ-ի վարչապետի թեկնածու անձին:
«Բոլորս հիշում ենք, թե ինչպես էին կթական հաստատություններից մարդկանց տանում հանրային հավաքների, առհասարակ նման դեպքերը նախկինում ևս բարձրաձայնվում էին, բայց այս դեպքը ունի 1 առանձնահատկություն․ մեր դաշինքն ունի դատական ակտ, որով հաստատվել է, որ վարչական ռեսուրսի չարաշահում է կիրառվել»,- ասաց Արամ Վարդևանյանը: