Փայլանն ահազանգել է՝ Թուրքիայում վնասել են 18-րդ դարի հայկական եկեղեցին
Թուրքիայում գտնվող պատմական հայկական բնակավայրերում գանձ որոնող արկածախնդիրները վնասել են Կայսերիում (Կեսարիա) գտնվող 18-րդ դարի Սուրբ Թորոս հայկական եկեղեցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեպքի մասին ահազանգել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը:
Եկեղեցու ներսում երկու մետրանոց փոս առաջանալու փաստի առթիվ Փայլանը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին հասցեագրված հարցադրում է ուղարկել մեջլիս:
Հարցադրման մեջ Փայլանը նշել է, որ հին հայկական եկեղեցին, չնայած որ այդ տարածաշրջանի պատմական ու մշակութային կարևոր կառույցներից է, տասնյակ տարիների անուշադրության հետևանքով մատնված է բախտի քմահաճույքին, իսկ այսօր դարձել է վանդալների ու գանձ որոնողների հարձակման թիրախ: