Մայրը ծանր հոգեբանական վիճակում է, մեր ամբողջ ընտանիքը շատ էր սպասում այդ երեխաներին. հնգյակի տատիկ
Armday.am-ը գրում է.
Էրեբունի բժշկական կենտրոնում ծնված հնգյակի հորական տատիկը՝ տիկին Արմինեն, Armday.am-ի հետ զրույցում հայտնեց, որ երկու աղջիկների վիճակը գնահատվում է կայուն ծանր, տղայինը՝ ծայրահեղ ծանր:
«Տղաս նոր է եղել Մուրացանում, ասացին, որ երեխայի ստամոքսը շատ քիչ մաքրվել է, բայց էլի մնում է ծայրահեղ ծանր»,- ասաց նա:
Անդրադառնալով բժիշկների վերաբերմունքին, տիկին Արմինեն ասաց, որ ինքն անձամբ չի եղել հիվանդանոցներում, քանի որ տղան է այդ հարցերով զբաղվել. «Գիտեք ուղղակի ցավը որն է, որ ամեն անգամ հենց տղաս գնում է իր տղա երեխայի համար, իսկ իրեն ասում են՝ աղջիկը մահացել է, սպասի երկրորդին: Այդքան էլ սիրուն չէ, որ հենց երեխայի դեմքին այդպես ասում են: Նա երկուսին կորցրել է ու երրորդի դեպքում ասում են սպասիր… չգիտեմ, ես ոչնչից տեղյակ չեմ»:
Անդրադառնալով տեղեկություններին, թե արդյոք դրսից մասնագետներ են հրավիրել, նա ասաց. «Չգիտեմ, մեզ կոնկրետ ոչինչ չեն ասել, բայց որ լիներ, երևի բոլորն էլ կիմանային»:
Իսկ ահա դրսից մասնագետներ հրավիրելու կարիք լինելու մասին հարցին, հնգյակի տատիկը հուզված արձագանքեց. «Երևի էլի: Ինձ թվում է՝ կլինի, ախր որ նայում ենք, կայքերում կարդում ենք ու տեսնում ենք, թե ինչ երեխաներ են այսօր ապրում, բայց ինչն է պատճառը, որ մեր երեխան՝ մեծ քաշով աղջիկը՝ 860 գրամ ունեցող երեխան այդպես եղավ, չգիտենք: Լավ, մտածում ենք, 600 գրամը միգուցե ինչ որ տեղ… բայց մեծը… չգիտեմ, Աստված գիտի, չեմ կարող ոչինչ ասել: Ուղղակի մեր ամբողջ ընտանիքը շատ էր սպասում այդ երեխաններին»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում