Շատ տիպական խախտումներ ունենք. տասնյակից ավելի մահացած մարդկանց տվյալներն ընտրացուցակներում են. Ռուբեն Մելիքյան
Շատ տիպական խախտումներ ունենք, որոնք առավոտից բազմաթիվ օրինակներով տեսնում ենք: «Ընտրությունների վերահսկման կոմիտե»–ի անդամների ասուլիսի ժամանակ ասաց կոմիտեի անդամ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Առաջին խախտումներից մեկն այն է, որ իշխող ուժի ուղղորդմամբ ընդդիմադիր հայացքներ ունեցող կամ ընդդիմադիր ուժերի ընտրական շտաբից անձինք պարզապես բերման են ենթարկվում, խուզարկություններ են կատարվում շտաբերից, բնակարաններից և սա էական խոչընդոտ է ընդդիմադիր ուժերի ընտրական գործունեության նկատմամբ»,-ասաց նա:
Մելիքյանը նշեց, որ պարբերաբար ընդդիմադիր ուժերի ընտրական շտաբերում խուզարկություններ են լինում, սակայն որևէ բան չի բացահայտվում: «Հարց է առաջանում. այն զեկուցագրերը, որոնց հիման վրա խուզարկություններ են իրականացվում, ո՞ւմ կողմից են գրվել»:
Ուղղորդված և բաց քվեարկության վերաբերյալ տեղեկությունների մասին Մելիքյանը շեշտեց, որ նման զանգեր շատ են ստանում: «Զինծառայողներին սպաները ստիպում են, որպեսզի քվեարկեն իշխող քաղաքական ուժին, խայտառակության ամենաբարձր կետն է»,-ասաց նա և հավելեց, որ նման ուղղորդումներ եղել են նաև ոստիկանների նկատմամբ:
Այլ խախտումներից է նաև քվեաթերթիկներից մեկի որոշ ընտրատեղամասերում չափերով ավելի մեծ լինելը, որոնք չեն տեղավորվում ծրարի մեջ, Մելիքյանը ներկայացրեց նաև, որ երբեմն չեն տրամադրվում կոնկրետ քվեաթերթիկներ, երբեմն էլ թերթիկների վրա անհասկանալի նշումներ են առկա: