Այս իշխանությունն ափսեի վրա իրենց հանձնված երկիրը քանդեցին, սովոր էին դրամաշնորհների, կարծում էին՝ պետությունն էլ ՀԿ-ի պես մի բան է. Գուրգեն Խանջյան (տեսանյութ)
Այս իշխանությունը եկավ ժողովրդի համաձայնությամբ, երկիրը նորմալ վիճակում՝ ափսեի վրա հանձնվեց իրենց, բայց պարզվեց՝ նրանք եկել են ոչ թե շենացնելու, այլ քանդելու, հենց սկզբից սկսեցին քանդել պետական ինստիտուտները, դատական համակարգը, պարզ էր, որ սա լավ տեղ չի տանելու. նույնիսկ պատերազմից հետո չեն սթափվում և ուզում են վերարտադրվել, ինչի՞ համար են հինգ տարի ուզում, Փաշինյանը մուրճն առել, ընկել է դռնեդուռ, բայց արդեն փրփուրներից է կախվում: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել արձակագիր Գուրգեն Խանջյանը:
«Իրենց սրտի գործարարն ասում է, թե Գյումրիում անշարժ գույքն էժանանալու է, այսինքն՝ թուրքը գալու է, ապրի իրենց հետ: Սրբություն չունեն, ի՞նչ են ուզում, տեր ունե՞ն, թե՞ իրենց վարքն այնպես են կազմակերպում, որ տեր գտնեն, գործակա՞լ են: Այս մարդը պաթոլոգիկ ինչ-որ բաներ ունի, նա բնատուր ինտրիգան է, սիրում է ինտրիգներ հյուսել, պատահական չէ, որ դեղին մամուլի խմբագիր է եղել: Այդ ինտրիգները հանել էր միջազգային ասպարեզ»,- ասել է գրողը:
Ըստ Խանջյանի՝ 90-ական թթ.-ին Հայաստանում նման գորշ զանգված չի եղել, խորհրդային տարիներին երիտասարդությունն ազգային դաստիարակություն է ստացել. «Մենք դավաճանում ենք 90-ականների հերոսներին, այս երկիրը գուրգուրանքով ստեղծածներին: ՀԱՊԿ-ը պատվազրկեց, հերոս գեներալին բերեց, որ դատի, սա ի՞նչ Աստծո պատիժ էր, մենք մեր գլխին բերեցինք այդ պատիժը: Սրանց համար խելացի մարդիկ թշնամի են, իրենց պետք են ստի սպառողներ: Մենք այն հարևանների շրջապատում ենք, որ չպետք է թուլություն ցույց տանք, մեզ կուտեն: Կոշտ ուժը կիրառեցին, հիմա փափուկ ուժով ցեղասպանությունը կավարտեն: Թուրքական կապիտալը կմտնի ներս, Վրաստանը դրան հազիվ է դիմանում: Մեր չլինելն աշխարհում իրենց նպատակն է»:
Մտավորականի կարծիքով՝ մինչ երկիրը կործանվում է, գյուղերում ընտրողներն ասում են՝ մեզ անտոկոս վարկ են տալիս. «Շուտով Սուրբ Գիրքն էլ երևի սկսի խմբագրել, ամեն ինչ ուզում է իր անունով անել՝ մրցանակները, պարգևները: Փսիխոզն արդեն մարել է, հեղափոխությամբ ոգևորվածները մի տարի հետո արդեն չէին աջակցում սրանց, հիմա նրանք շփոթված են, չգիտեն՝ ո՞ւր գնալ: Ժամանակավոր կառավարությունն ասվածը ճիշտ էր, Փաշինյանը պետք է պատերազմի օրերին, անգամ պատերազմից առաջ հրաժարական տար: Ամենաճիշտը կլիներ, որ 2018-ին այդ մարդիկ նույնիսկ չերևային»: