Մեծ աղմուկ ոչնչից
Ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատեր Գոհար Աբաջյանը հրապարակել է մի լուսանկար, որտեղ պատկերված են Արաբկիր վարչական շրջանում՝ Վահագն Դավթյանի այգու հարևանությամբ գտնվող մայթեզրի հատված ծառեր: Այս կապակցությամբ հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը՝ պարզաբանելով, որ ծառերի հատումն իրականցվել է համապատասխան որոշման արդյունքում, քանի որ հատված ծառերը եղել են վթարային, դրանց բունը եղել է ամբողջովին փտած և ըստ էության ծառերը վտանգ են ներկայացրել շրջակա միջավայրի և քաղաքացիների համար:
Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Վահագն Դավթյանի անվան այգին մշտապես քաղաապետարանի ուշադրության և հոգածության կենտրոնում է:
Հատված ծառերի այս լուսանկարների շուրջ բարձրացած աղմուկը արդեն իսկ վկայում է այն տրամադրության մասին, որը կա ավագանու ընտրություններին մասնակցող Ելք դաշինքում: Բանն այն է, որ Գոհար Աբաջյանը Ելք դաշինքով պատգամավոր դարձած Արարատ Միրզոյանի կինն է:
Այսինքն ըստ էության պետք է փաստել, որ նման լուսանկարներ հրապարակելով, փորձ է արվում ուղղակիորեն հատված ծառերը դարձնել քննադատության թիրախ այն դեպքում, երբ շատ սովորական մի զանգով, եթե այդքան մեծ է մտահոգությունը հատած ծառերի կապակցությամբ, կարելի էր պարզել, թե ինչու և ինչ հիմքերով են հատվել այդ ծառերը: Հետաքրքիրն այն է, որ անգամ այդ լուսանկարներում երևում է, որ ծառերի բները փտած են:Պատկերացնում եք մի իրավիճակ, եթե ասենք նույն քաղաքապետարանի որոշմամբ ծառերը չհատվեին և օրերից մեկ օր ուժեղ քամուց տապալվեին և վնասեին որևէ քաղաքացու կամ նրա գույքը:
Ամենայն հավանականությամբ այդ ժամանակ էլ պետք է բողոքի կոչեր հնչեին, թե ինչու քաղաքապետարանը չի հատում փտած ծառերը: Այսինքն սա ցույց է տալիս այն, որ իրականում խնդիրը ոչ թե քաղաքի կանաչապատման հարցում մեր ընդդիմադիրների ծայրահեղ մտահոգվածությունն է, այլ զուտ քարոզչության նպատակը: Սակայն այստեղ թերևս պետք է ասել, որ նման միջոցներով քարոզչությունը ընդամենը վկայում է ակնհայտ պարտվողական տրամադրությունների և փրփուրներից կախվելու մասին, իսկ քաղաքի մասին հոգ տանողները լուռ ու մունջ իրենց աշխատանքը կատարում են:
Նույն այս ժանրից էր նաև Ելքի մեկ այլ համակիր Գրիգորի Դոխոյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նա պնդում էր, թե իր որդիների դպրոցի և մանկապարտեզի տնօրենները ստիպում են երեխաների ծնողներին ներկա լինել Տարոն Մարգարյանի հետ հանդիպումներին: Այս գրառումը բնականաբար հերքվել էր դպրոցի տնօրենի կողմից:
Տնօրենը շեշտել, որ դա ընդամենը հերյուրանք է, պետք է նշել, որ նման պարտադրանքների մասին որևէ փաստ այդպես էլ չի ներկայացվել: Սա նշանակում է միայն այն, որ որոշ անհատներ մանր քաղաքական դիվիդենտների համար պատրաստ են անգամ այսօրինակ լուրեր և գրառումներ տարածելուն, իսկ եթե վերջիններս իսկապես էլ ունեն այդպիսի փաստեր, ապա կարող են դիմել համապատասխան մարմիններին և ոչ թե անհասցե հայտարարություններ կատարեն:
Ժիրայր Գաբրիելյան