«Ես սիրով կրկին կմարմնավորեի Մարեին․ նրան շատ եմ կարոտել»․ Քեյթ Ուինսլեթը խոսել է Mare of Easttown-ի երկրորդ եթերաշրջանի հավանականության մասին (լուսանկարներ,տեսանյութ)
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Քեյթ Ուինսլեթն ասել է, որ HBO հեռուստաալիքի նոր՝ Mare of Easttown հեռուստանախագծում կրկին կմարմնավորեր Մարե Շինանի կերպարը, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ հեռուստաընկերության հայտնած տեղեկությունների համաձայն՝ նախագիծը ստեղծվել է մեկ եթերաշրջանով։
Հակառակ այն բանին, որ հեռուստաընկերությունը նախագծի շարունակականության մասին ոչինչ չի ասել, 45-ամյա Քեյթ Ուինսլեթը վերջին դրվագի հրապարակումից հետո Tv Line-ին հայտնել է, որ սիրով կրկին կմարմնավորեր քննիչ Մարե Շինանի կերպարը։
«Ես սիրով կրկին կմարմնավորեի Մարեին․ նրան շատ եմ կարոտել։ Սա շատ տարօրինակ զգացում է, կարծես սգի մեջ լինեմ», - ասել է դերասանուհին՝ նշելով, որ դա հրաշալի դեր էր։
Հեռուստաընկերությունը շարունակում է նախագիծն անվանել «սահմանափակ» (սա նշանակում է, որ այն մեկ եթերաշրջանից է կազմված) և նպատակ ունի «Էմմի» մրցանակաբաշխությանն առաջադրել «սահմանափակ նախագծերի» անվանակարգում։ Հեռուստանախագծի գործադիր պրոդյուսեր Քրեյգ Զոբելը, սակայն, նշել է, որ Մարեն հիասքանչ կերպար է և կցանկանար երկրորդ եթերաշրջան տեսնել։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Tert.am-ը, Քեյթ Ուինսլեթն ասել էր, որ ստիպված է եղել «անձնական տրավմա» հորինել՝ հեռուստանախագծում իր մարմնավորած կերպարը խաղալու համար։ 45-ամյա դերասանուհին նշել է, որ կերպարը կերտելը վնասել է իր հուզական վիճակին և հավելել, որ նույնիսկ ԱՄՆ-ում նկարահանումներն ավարտելուց և Սասեքսի իր տուն վերադառնալուց հետո նա շարունակում է պայքարել Մարե Շինանի չստացված կյանքի համար։
Աղբյուր
Ավելին․․․