Եթե դու ինքդ չես պաշտպանում քո սահմանները, եթե միևնույնն է, թե սահմանը որտեղով պետք է անցնի, ինչո՞ւ պետք է այլ երկրներ գան և քո անվտանգությունը ապահովեն․ Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին
Անվտանգության, հայոց պետականության, հայ ազգի գոյության հարցը առաջնային է։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, նախկին գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ներկայիս իրավիճակին։
«Եթե գերագույն գլխավոր ազգադավը հայտարարում է, որ ինչ կապ ունի, թե սահմանը Ջերմուկում որտեղով պետք է անցնի, ապա թուրքերն էլ դրանից կօգտվեն և առաջ կգան։ Առավել անհասկանալի է Նիկոլ Փաշինյանի պահվածքը միջազգային գործընկերների հետ։ Ինքը հայտարարում է, որ Սև լճի 30 տոկոսի համար հո կռիվ չենք անելու, հայտարարում է, թե ի՞նչ կարևոր է, թե սահմանը որտեղով է անցնելու, հրաման է տալիս Զինված ուժերին չկասեցնել ադրբեջանական հրոսակախմբերի ներթափանցումը, բայց միևնույն ժամանակ ասում է՝ ՀԱՊԿ, արի խորհրդակցենք, իսկ հետո ասում է՝ թող ռուսական կամ ԵԱՀԿ խմբի անդամ մյուս երկրների Զինված ուժերը գան պահեն մեր անվտանգությունը։ Եթե դու ինքդ չես պաշտպանում քո հայրենիքը, սահմանները, եթե քեզ համար միևնույնն է, թե սահմանը որտեղով պետք է անցնի, ինչո՞ւ պետք է այլ երկրներ գան և քո անվտանգությունն ապահովեն»,–ասաց նա։
Արթուր Խաչատրյանը նշեց, որ այս ամենի լուծումը տեսնում է ընտրությունների միջոցով Նիկոլ Փաշինյանին հեռացնելու մեջ։ «Ինձ մոտ արդեն այն խորը համոզմունքն է, որ այս ազգադավը, ապիկարը հատուկ նման ուղերձներ է հղում, որպեսզի վաղը, մյուս օրը խուսափի քրեական հետապնդումից անմեղսունակության հիմքով, որովհետև որևէ բանական մարդ նման արտահայտություններ չէր անի»,– ասաց նա։
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը ձորն է գլորում հայոց պետականությունը։ «Պետք է իրեն հեռացնել, պետք է ժողովրդի մեջ հույս ներշնչել, որ ի վերջո այս անդունդից դուրս ենք գալու, պետք է քրտնաջան աշխատել, վերականգնել մեր տնտեսությունը, վերականգնել մեր բանակը, վերականգնել մեր հարաբերությունները մեր բոլոր դաշնակիցների հետ, քանի որ նա սա հաջողացրեց բոլորի հետ մեզ թշնամացնել»,–ասաց նա։
Արթուր Խաչատրյանը նկատեց, որ այս տարվա առաջին եռամսյակի տնտեսական արդյունքներն ավելի վատն էին, քան թե 2020 թվականի առաջին եռամսյակինը: 2020 թ. միջին գներով մեր ՀՆԱ–ն 3,3 տոկոսով նվազել է։ «Թող Վահան Քերոբյանը ծաղրածուություն չանի և չասի, թե մեր տնտեսական ակտիվությունը բարձրացել է, ներդրումները հորդում են, երկիրը դարձել է շինհրապարակ։ Լափամանի շուրջ հավաքվել է ազգադավ, ապիկար ինչ–որ մի հանցախումբ և փորձում է բզկտել երկիրը հեռանալուց առաջ։ Մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ սկզբունքն է իրենց մոտ գործում»,– ասաց նա։
Ավելին․․․