Քևին Սփեյսին տղամարդկանց նկատմամբ սեռական ոտնձգությունների վերաբերյալ մեղադրանքներից հետո առաջին անգամ կնկարահանվի ֆիլմում
Ամերիկացի դերասան Քևին Սփեյսին սեռական ոտնձգությունների վերաբերյալ մեղադրանքներից հետո առաջին անգամ կնկարահանվի ֆիլմում։ Նա իտալացի դերասան և ռեժիսոր Ֆրանկո Ներոյի The Man who Drew God (իտալ․՝ L’uomo Che Disegno Dio) ֆիլմում հանդես կգա հետախույզի կերպարում, հաղորդում է Variety-ն։
«Ես շատ ուրախ եմ, որ Քևինը համաձայնել է նկարահանվել իմ ֆիլմում։ Ես նրան համարում եմ մեծ դերասան և անհամբերությամբ սպասում եմ ֆիլմի նկարահանումների մեկնարկին»,- հայտարարել է Ներոն։
Ըստ հաղորդման՝ ֆիլմի սյուժեն կույր նկարչի մասին է, որը մարդկանց նկարում է` նրանց ձայնը լսելով։ Նկարահանումները տեղի կունենան Իտալիայում։
Հիշեցնենք, որ երեք տարի առաջ Star Trek սերիալի դերասան Էնթոնի Ռեփը Սփեյսիին մեղադրել էր 1986-ին իր նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար։