Ադրբեջանցիները ոչ միայն չեն նահանջել, այլ Գեղարքունիքի ուղղությամբ շարունակում են առաջանալ, ավելացել է ադրբեջանցի զինվորականների թիվը. Գեղամասար համայնքի ղեկավար
Հակառակորդն այս օրերին ոչ թե նահանջել է, այլ շարունակում է առաջանալ ու դիրքեր դնել։ «Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատել է Գեղարքունիքի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։
«Երեկ ոչ մի քայլ էլ հետ չեն գնացել, մի բան էլ առաջ են եկել»,- ասել է նա` նշելով ադրբեջանական կողմը, որ գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում՝ առաջացել է ևս մի քանի հարյուր մետրով։
«Այսօրվա դրությամբ որոշ չափի նորից առաջ են եկել՝ 200-300 մետր, բայց դե երևույթը էն է, որ իրենք կարողանում են՝ առաջ են գալիս։ Հիմա դա շատ վատ է ու լարվածությունն էլ ավելի է ուժեղանում դրանով։ Չգիտեմ՝ ինչ հետևանքների կհանգեցնի»,- ասել է համայնքի ղեկավարը։
Ըստ նրա՝ խնդիրն այն է, որ թշնամին մտել է ՀՀ տարածք, կիլոմետրերով խախտել սահմանը։ Վեցերորդ օրն է արդեն, ինչ թշնամու զորքը ներխուժել է ՀՀ տարածք եւ բանակցությունների արդյունքում լքելու փոխարեն շարունակում է առաջանալ։
Երեկ ՀՀ ՊՆ ոչ պաշտոնապես շրջանառության մեջ էր դրել տեղեկատվություն, թե բանակցությունները բարեհաջող են ավարտվել եւ ադրբեջանական զորքը պետք է հետ գնա, բայց Ավետյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է. «Եվ երեկ, և այսօր նորից առաջխաղացում են ունեցել։ Վրաններ ունեն, դիրքեր։ Եկել են տեղակայվել են ամուր ձևի։ Իսկ երկու օրվա առաջխաղացումը մեծ չափի չի, ընդամենը 200 մետրի մասին է խոսքը։ Իրենց քանակը շատ անգամ գերազանցում է մերոնցից»։
Կութից թշնամին մոտավորապես 4-5 կմ հեռավորության վրա է։ Ավետյանը տեղեկացրեց, որ տարածքում հայկական զորքը ևս կանգնած է, զորքի մեջ խուճապ չկա, պատրաստ են ամեն ձևով կռիվ տալ, պատրաստ են նաև գյուղի բնակիչները։