Բաքվում մեկնարկել է լիբանանահայ Վիգեն Էուլջեկչյանի դեմ դատավարությունը. նրան մեղադրանք է առաջադրվել 3 հոդվածով
Ադրբեջանում սկսվել է լիբանանահայ Վիգեն Աբրահամի Էուլջեկչյանի նկատմամբ գործի դատական քննությունը: Բաքվի ռազմական դատարանում կայացել է նրա դեմ հարուցված քրեական գործով նախնական նիստը:
Ինչպես փոխանցում է Minval.az կայքը, դատավարությունը տեղի կունենա մայիսի 25-ին: Նշվում է, որ հետաքննությունն ավարտվել է: Վերջինիս մեղադրում են որպես վարձկան Ղարաբաղում պատերազմին մասնակցելու մեջ: Ըստ ադրբեջանցի քննիչների՝ 1979 թվականին ծնված Էուլջեկչյանն «առաջարկ է ստացել Լիբանանի մեկ այլ քաղաքացուց՝ 2500 դոլար վարձատրության դիմաց մասնակցել պատերազմական գործողություններին»:
Էուլջեկչյանին նաև մեղադրում են Ադրբեջանի բանակի և քաղաքացիների դեմ ահաբեկչական գործողությունների մասնակցելու մեջ:
Նրան մեղադրանք է առաջադրվել երեք հոդվածով՝ «որպես վարձկան զինված հակամարտությանը մասնակցելու», «ահաբեկչության» և «սահմանն անօրինական հատելու» համար:
Դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: