«Թանգարանների ապագան. վերականգնել և վերաիմաստավորել». Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» ակցիան կնշվեն մայիսի 18-ին․ ԿԳՄՍՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մայիսի 18-ին բոլորին հրավիրում է միասին տոնելու Թանգարանների միջազգային օրը: Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով միջազգային հանրությունը 1977 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին, կարևորելու դրանց դերը որպես հասարակության կրթական, մշակութային և ժամանցային կենտրոններ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Թանգարանները մեր մշակույթի, կրթության և զարգացման կարևորագույն կենտրոններն են, որտեղ պահվում և ներկայացվում են մեր պատմական հիշողությունը, կարևոր իրադարձությունների, փաստերի և մեր ազգային ինքնության վկայությունները: Մայիսի 18-ը պատեհ առիթ է կարևորելու թանգարանների դերը՝ որպես նոր գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու և ներշնչվելու, ստեղծագործելու և երևակայական հղացումները կյանքի կոչելու օջախներ: