Հանցագործությունների թիվը նվազել է 1446–ով. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2016 թ. հունվար–հոկտեմբեր ամիսների սոցիալ–տնտեսական տվյալների՝ այս տարի հանրապետությունում գրանցված հանցագործությունների քանակը նվազել է. ըստ առանձին հանցատեսակների խմբերի՝ գրանցված հանցագործությունների դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել են ավելի քան հազարով:
Եթե 2015 թ. հունվար–հոկտեմբեր ամիսներին գրանցված հանցագործությունների քանակը եղել է 15 հազար 461, ապա այս տարվա նույն ամիսների տվյալներով 14 հազար 15 հանցագործություն է գրանցվել: Նշենք, որ նվազել են միջին ծանրության հանցագործությունները՝ 5204–ից դառնալով 3665: Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվն էլ է նվազել. այս տարի այն կազմել է 5859՝ նախորդ տարվա 6179–ի փոխարեն:
Իսկ ամենից ակնառու դրական փոփոխությունն այն է եղել, որ նվազել են նաև պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները՝ ավելի քան 2,5 անգամ:
Այսպես, եթե նախորդ տարվա հունվար–հոկտեմբերին գրանցվել է նմանատիպ հանցագործության 2284 դեպք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածի կտրվածքով՝ 880: Նշենք, որ նվազել են նաև կոռուպցիոն բնույթի հանցագործությունները՝ 586–ից դառնալով 515:
Միաժամանակ ավելացել է մարդու (անձի) դեմ ուղղված հանցագործությունների թիվը. եթե նախորդ տարի նույն ամիսների համար այն եղել է 4107, ապա այս տարի մի փոքր ավելի՝ 4207:
Այս տարվա ցուցանիշներով ամենից շատ հանցագործություններ են կատարվել մայրաքաղաքում՝ 6736 դեպք, համապատասխանաբար 1005 և 1528 դեպք էլ գրանցվել է Լոռու և Կոտայքի մարզերում: Ամենից ապահով մարզն այս առումով Վայոց ձորն է, որտեղ գրանցվել է ընդամենը 149 դեպք: Ի դեպ, նույնքան եղել էր նաև նախորդ տարվա հունվար–հոկտեմբեր ամիսներին:
Ինչ վերաբերում է գրանցված հանցագործությունների քանակին, ըստ ծանրության, ապա ոչ մեծ ծանրության հանցագործությունների թիվն այս տարի կազմել է 7590, միջին ծանրությանը՝ 5204, ծանրը՝ 2505 և առանձնապես ծանրը՝ 162:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: