Սյունիքի մարզպետի կինը 20 հազար դոլարանոց ժամացույց ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կինը նախորդ տարի 11 միլիոն դրամով ժամացույց է գնել։ Այդ մասին տեղեկանում ենք Հակոբյանի կնոջ՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից։
Վահե Հակոբյանը նույնպես նախորդ տարի զգալի գնումներ է ունեցել։ Նա 275 հազար եվրոյով բնակարան է ձեռք բերել։ Բացի բնակարանի ձեռքբերումից Հակոբյանը նաև անշարժ գույք է վաճառել՝ 55 միլիոն դրամով վաճառել է իր առանձնատունը, իսկ 2 միլիոն 740 հազար դրամով գնել «LEXUS ES 250» մակնիշի ավտոմեքենա։ Մարզպետի նախորդ տարվա փոխառությունները կազմել են 50 հազար ԱՄՆ դոլար և 147 միլիոն 406 հազար դրամ։
Դրամական միջոցները նույնպես բավական շատ են՝ Հակոբյանը հայտարարագրել է 36 միլիոն 100 հազար դրամ, 193 հազար ամերիկյան դոլար և 118 հազար եվրո։ Նրա տարեկան եկամուտներն էլ ստացվել են 53 միլիոն 17 հազար դրամ, 45 միլիոն 400 հազար դրամ, 648 հազար դրամ և 1 միլիոն 399 հազար դրամ աշխատավարձերից, 50 հազար դրամ ապահովագրական հատուցումներից և 192 հազար եվրո ստացված փոխառություններից՝ վարկերից։
Կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը, հայտարարագրել է 18 միլիոն դրամ փոխառություններ և 120 հազար ԱՄՆ դոլար ու 3 հազար 500 եվրո դրամական միջոցներ։ Նրա տարեկան եկամուտներն էլ ստացվել են 41 միլիոն 44 հազար դրամ աշխատավարձից և 74 միլիոն 250 հազար դրամ նվիրատվությունից, որ տրվել է բնամթերքի տեսքով։
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում