Անթանյան եղբայրները ընկան հանուն հայրենիքի և իրենց սխրանքով անմահացան
Արցախյան երկրորդ պատերազմում ոստիկանությունն իր ակտիվ մասնակցությունն ունեցավ։ Ոստիկանության տարածքային բաժիններից ու ոստիկանության զորքերից Արցախի տարբեր ուղղություններում ոստիկանները մասնակցեցին պաշտպանական մարտերի։ Ցավոք, իրավապահ կառույցը տվեց բազմաթիվ զոհեր։ Մասնավորապես, հինգ ընտանիք ոստիկանության զորքերում ծառայող 2-ական որդի կորցրեց։ Անթանյանների ընտանիքը նրանցից մեկն էր:
Լևոն Անթանյանը ծնվել էր 1993 թվականին, ամուսնացած էր, ունի երկու զավակ՝ Սմբատն ու Անգելինան։ Արմեն Անթանյանը ծնվել էր 1994 թվականին։ Եղբայրները պարտադիր զինվորական ծառայությունն անցել էին Արցախի զորամասերից մեկում։ Միշտ միասին էին՝ կողք կողքի, թև ու թիկունք։ Միասին ընդունվել էին ոստիկանության զորքեր, միասին ծառայել, միասին աշխատել։ Միասին էլ սեպտեմբերի 29-ին մեկնեցին պատերազմ։ Մեկ ամիս մասնակցեցին Քարվաճառի պաշտպանությանը։ Հոկտեմբերի 17-ին Քարվաճառում զինակից ընկերներով նշեցին Արմենի 26-ամյակը։ Տուն վերադարձան հոկտեմբերի 29-ին։ Իսկ օրեր անց կրկին մեկնեցին Արցախ։ Նոյեմբերի 4-ից մասնակցեցին Շուշիի պաշտպանական մարտերին։