«Հիմա շատ կարևոր է աշխարհին պատմել մեր մասին». ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը Արցախի պատերազմի մասին ֆիլմ կնկարահանի
Հերոսների ապրած դժվարություններ, Արցախի երկրորդ պատերազմ. ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի նոր՝ «Վերածնվածը» ֆիլմը մարդկանց մասին է, ովքեր որոշում են վերադառնալ իրենց արմատներին՝ իրենց ինքնության մասին ճշմարտությունը բացահայտելու համար։
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Ջիվանն ասաց, որ ֆիլմի միջոցով փորձել են պատմել Արցախի մասին։ Tert.am Life-ը ներկայացնում է ֆիլմի մանրամասները։ «Վերջին դեպքերից հետո սցենարում փոփոխություններ են եղել, բայց փորձում ենք շարունակել պատմությունը։ Հիմա շատ կարևոր է աշխարհին պատմել մեր մասին, բարձրորակ ֆիլմի միջոցով կներկայացնենք թե՛ մեզ, թե՛ հասարակությանը։ Առհասարակ, աշխատում եմ ստեղծել ֆիլմեր, որոնք ընկալելի կլինեն օտարազգի հանդիսատեսին»,- ասաց նա։
Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմի պատմության մեջ տեղ են գտել տարբեր ժամանակների պատմություններ, որոնք հետաքրքիր ձևով ներկայացվում և ամբողջական պատմության մաս են դառնում։ «Դրանք ներկայացվում են ինչպես, օրինակ, որպես գլխավոր հերոսի գիծ, այնպես էլ էլեմենտներ կամ դրվագներ՝ հերոսների պատմության մեջ։ Ինչպես մոզաիկայի պես հավաքվում է ֆիլմի պատմությունը, այնպես էլ՝ տարբեր ազգության, երկրների մարդկանց հետ միասին փորձում եմ ստեղծել ֆիլմը։ Նկարահանումները պատրաստվում եմ իրականացնել մի քանի երկրում։ Հույս ունեմ, որ այս ֆիլմից յուրաքանչյուրը կքաղի մի խորհուրդ, որը կկիրառի իր կյանքի ընթացքում՝ թեթևացնելով կյանքի իր անձնական ճամփորդությունը»,- նշեց նա։
Ըստ սցենարի՝ մի կնոջ գաղտնիք դառնում է երեք տարբեր ճակատագրի փոխկապակցման պատճառ։ Ռոբոտաշինության ֆակուլտետի ֆրանսիաբնակ ուսանողը որոշում է մեկնել Հայաստան, Արցախ։ Նրա ֆրանսիաբնակ ընկերուհին որոշում է մեկնել Իսլանդիայում բնակվող հրաբխագետ հոր մոտ իր կանադական արմատները բացահայտելու համար, իսկ ֆրանսիաբնակ հայտնի պրոֆեսորը, ով հրեական ողջակիզումից փրկվածի սերունդ է, կյանքի իմաստի որոնման հետքերով որոշում է վերադառնալ Իսրայել՝ իր հրեական արմատներին։
Ֆիլմի սցենարիստ Նարինե Ոսկանյանն ընդգծեց, որ ֆիլմի թեման խաղաղությունն է։ «Այդ խաղաղությանը հասնելու համար պետք է գտնենք մեր ինքնությունը, պետք է վերածնվենք։ Ջիվանը հաճախ է նշում, որ Արցախը մեր Երուսաղեմն է, ուստի Արցախի միջոցով կարող ենք գտնել մեր ինքնությունը։ Արցախի երկրորդ պատերազմից հետո որոշվեց, որ ֆիլմում պետք է ընդգրկենք ոչ թե 2016 թվականի Ապրիլյան, այլ Արցախի երկրորդ պատերազմը»,- ասաց սցենարիստը։
Սցենարի խորհրդատու Զավեն Բոյաջյանն էլ շեշտեց, որ ներկա է ոչ թե որպես սցենարի խորհրդատու, այլ որպես կինոգետ։ «Երկու տարի Ջիվանի հետ հանդիպել ենք, քննարկումներ արել, ֆիլմը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել։ Առաջին տարբերակը տարբերվում է նրանից, ինչ այժմ կա։ Շատ բաներ, կարծում եմ դեռ կփոփոխվեն, բայց թեմայի, կերպարների առումով շատ հետաքրքիր ֆիլմ է լինելու»,- նշեց նա։