1932–ին ծնված ավանդատուների հերթը կհասնի 2018 թվականին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Արդեն երկու տարի է նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական խնայբանկում մինչև թվականի հունիսի 10–ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագրով փոխհատուցման իրավունք ունեցող անձանց ծննդյան տարեթիվը նույնն է մնում:
Այսինքն, այս պահի դրությամբ ծրագրից օգտվելու իրավունք ունեն մինչև 1931 թ.–ի դեկտեմբերի 31–ը ծնվածները: Այդ ժամկետում ծնվածներն իրավունք ունեն նաև ստանալ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում իրենց մահացած ամուսնու կողմից ներդրված ավանդը նույնպես:
Ծրագրով, առանց տարիքային սահմանափակման փոխատուցում է տրամադրվում նաև Հայաստանի պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցած, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ մահացած ամուսնու կողմից ներդրված ավանդների դիմաց:
2014 թ.–ի կառավարության մեկ այլ որոշմամբ փոխհատուցումից կարող են օգտվել նաև սահմանամերձ համայնքներում 2014 թ.–ի օգոստոսի 1–ի դրությամբ բնակության պետական ռեգիստրում գրանցված անձինք: Այդ թվում, եթե ավանդը համատեղ կյանքի ընթացքում ներդրված է եղել մահացած ամուսնու կողմից:
«Փաստը» Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից փորձեց պարզել, թե ինչու ծրագրից օգտվելու իրավունք ունեցող անձանց ծննդյան տարեթիվն արդեն մի քանի տարի չի աճում, քանի որ 1932 թվականից այս կողմ ծնվածներից շատերն արդեն երկու տարուց ավելի է սպասում են իրենց հերթին: Նախարարության սոցիալական աջակցության վարչության նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր տարի բյուջեով որոշակի գումար է հատկացվում ավանդների փոխհատուցման համար, որի շրջանակներում էլ կազմակերպվում է այդ գործընթացը:
«Այս պահին մինչև 1931 թ.–ի դեկտեմբերի 31–ը ծնված և նախարարությունում հաշվառված անձանց թիվը կազմում 17647: Վճարման ենթակա ցուցակներում, մինչև մարտ ամիսը վճարվել է 14200–երորդ անձին: Այսինքն՝ այս պահի դրությամբ շուրջ 3447 տարեց ավանդատու է ավանդների փոխհատուցման համակարգում հաշվառված, որոնք սպասում են իրենց հերթին: Դրանից բացի, հերթում ներառված են նաև ազատամարտիկներ և սահմանամերձ բնակավայրերի բնակիչներ: Եվ քանի որ ամսական մոտ 700 անձ է ընդգրկվում փոխհատուցման ենթակա ցուցակում, որի մոտ 50%–ը տարեցներն են, մնացածը նշված երկու կատեգորիաների ներկայացուցիչներն են, ստացվում է, որ ամեն ամիս 290–ից մինչև 310 տարեց ավանդատու է ընդգրկվում ցուցակում: Մեր հաշվարկներով մինչև այս տարեվերջ, կամ ամենաուշը հաջորդ տարի մինչև մարտ ամիսը ներառյալ 1931 թ.–ին ծնված անձանց փոխհատուցման վճարումը ավարտին կհասցնենք»,– ասաց Ա. Մարգարյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ եթե 2018 թվականի բյուջեով կրկին փոխհատուցման ենթակա գումար հատկացվի, այդ պարագայում, հաջորդ տարվա մարտ ամսից արդեն կսկսվի 1932 թվականին ծնված անձանց փոխատուցման գումարների տրամադրումը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: