Ռուսաստանը սպառնալիք է ԱՄՆ-ի համար․ ամերիկացի գեներալ
Ռուսաստանը ապակայունացնում է աշխարհը և սպառնալիք է ԱՄՆ-ի համար: Այդ մասին Ռազմաօդային ուժերի ասոցիացիայի սիմպոզիումում ասել է ԱՄՆ֊ում եվրոպական հրամանատարության ղեկավար, Եվրոպայում ՆԱՏՕ-ի գերագույն հրամանատար, գեներալ Թոդ Ուոլթերսը:
«Չնայած միջազգային հանրության կողմից համընդհանուր դատապարտմանը և տնտեսական պատժամիջոցների շարունակմանը՝ Ռուսաստանը չարամիտ գործողություններ է իրականացնում` ուղղված աշխարհի ապակայունացմանը։ Այդ գործողություններից շատերն իրականացվում են Եվրոպայում: Ռուսաստանը շարունակում է սպառնալիք լինել Միացյալ Նահանգների և մեր եվրոպական դաշնակիցների գոյության համար», - նրա խոսքերը մեջբերում է ԱՄՆ Պաշտպանության նախարարության կայքը: Գեներալը հավելել է, որ Ռուսաստանը փորձում է պահպանել սովետական ժամանակաշրջանի ազդեցության ոլորտը և ուժ է կիրառում հարևան երկրներին հարկադրանքի համար:
Ռուս-ամերիկյան հարաբերությունները լարված են 2014 թվականից հետո՝ Ուկրաինայում և Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Արևմուտքը, մեղադրելով Մոսկվային Կիևի գործերին միջամտելու մեջ, պատժամիջոցներ կիրառեց նրա դեմ: Ռուսաստանը պատասխան քայլեր ձեռնարկեց, և մեկ անգամ չէ, որ անհիմն է համարել իր հասցեին հնչած մեղադրանքները: