2021 թվականին Չինաստանի ՀՆԱ-ն «սովորական հանգամանքների» դեպքում կարող է աճել 8-9 տոկոսով
2021 թվականին Չինաստանի Համախառն ներքին արտադրանքը (ՀՆԱ) «սովորական հանգամանքների» դեպքում կարող է աճել 8-9 տոկոսով, իսկ տարեկան կտրվածքով առաջին եռամսյակում՝ ավելի քան 15 տոկոսով: Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական բանկի քաղաքականության հարցերով խորհրդական Լյու Շիցզինը, փոխանցում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ սա կլինի 2020 թվականի ցածր բազայի հետեւանքը եւ չի նշանակում, որ Չինաստանը վերադարձել է «աճի բարձր տեմպերի» շրջանին:
Անցյալ տարի Չինաստանի տնտեսությունն աճել էր 2,3 տոկոսով համավարակի առաջացրած լուրջ խափանումների ֆոնին: Լյու Շիցզինը նշել է, որ եթե 2020 եւ 2021 թվականներին ՀՆԱ միջին աճը կազմի մոտ 5 տոկոս, դա «վատ» արդյունք չի լինի: