Արցախի բանկերում նվազել են ավանդների ու տրամադրված վարկերի ցուցանիշները
Արցախում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների համաձայն` 2021 թվականի փետրվարի 1-ի դրությամբ՝ վարկային ներդրումները կազմել են 144 միլիարդ 296, 7 միլիոն ՀՀ դրամ, 2020 թվականի նույն ժամանակահատվածի՝ 192 միլիարդ 390,8 միլիոն դրամի փոխարեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին տեղեկացնում են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից:
Այս տարվա փետրվարի սկզբին՝ վարկային ներդրումների ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ նվազել է 25 տոկոսով, իսկ հունվարի համեմատ՝ 25, 1 տոկոսով: Փետրվարի 1-ի դրությամբ՝ ժամկետանց վարկերը կազմել են 898,1 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 804 մլն դրամի փոխարեն. նախորդ տարվա համեմատ՝ ցուցանիշն աճել է 11,7 տոկոսով:
Բանկերի երկարաձգված վարկերի ծավալը՝ 11 մլրդ 976,1 մլն դրամ, հունվարի՝ 12 միլիարդ 956,4 մլն դրամի և 2020 թվականի փետրվարի 1-ին արձանագրված՝ 401,1 մլն դրամի փոխարեն: Թվային տվյալները վկայում են, որ նախորդ տարվա փետրվարի համեմատությամբ երկարաձգված վարկերի ծավալն աճել է 29.9 անգամ:
Վարկերի ընդհանուր ծավալն այս տարվա փետրվարի 1-ի դրությամբ կազմել է 157 մլրդ 170, 9 մլն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 193 մլրդ 595,9 մլն դրամի փոխարեն (ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 18,8 տոկոսով, իսկ հունվարի նկատմամբ՝ 23,8 տոկոսով):
Արցախյան բանկերում և մասնաճյուղերում՝ կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից բանկերում ներգրավված ավանդները կազմել են 121 մլրդ 73,4 մլն դրամ, 2020թ. փետրվարի 1-ի՝ 128 միլիարդ 90,5 մլն դրամի փոխարեն (ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 5,5 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ՝ 6,9 տոկոսով):