Ապագա բժիշկը զոհվել է հոկտեմբերի 10-ին՝ վիրավոր զինակցին օգնություն ցուցաբերելու պահին
Ապագա բժիշկը զոհվել է հոկտեմբերի 10-ին՝ վիրավոր զինակցին օգնություն ցուցաբերելու պահին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մերօրյա հերոսները». Ավետիս Պուլուզյան
Հանուն հայրենիքի կյանքը զոհած քաջորդիների թվում է նաև ապագա բժիշկ Ավետիս Պուլուզյանը: Մերօրյա հերոսը ծնվել է 2000թ. հոկտեմբերի 15-ին, Ստեփանակերտում: Ավարտելով Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցը, ուսումը շարունակել է Թամարա Քամալյանի անվան քոլեջում՝ սերտելով «Բուժակ՝ զինված ուժերում» մասնագիտությունը:
2018 թ. ընդունվել է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետ, 2019 թ. հուլիսին զորակոչվել Արցախի պաշտպանության բանակ: Նույն թվականի նոյեմբեր-դեկտեմբերին Երևանում մասնակցել է սանհրահանգիչների պատրաստման դասընթացներին և լավագույն արդյունք ցուցաբերելու համար պարգևատրվել պատվոգրով:
Վերադառնալով Արցախ, շարունակել է զինվորական ծառայությունը որպես սանհրահանգիչ՝ ստանալով կրտսեր սերժանտի զինվորական կոչում: Ընկերները նրան բնութագրում են որպես ազնիվ ու բարեկիրթ անձնավորության:
«Ավետի հետ սովորեցինք ընդամենը մեկ ուսումնական կիսամյակ, սակայն այդ տարվա ընթացքում նա հասցրեց տպավորվել մեր մտքերում, որպես դաստիարակված, խելացի և հետաքրքիր անձնավորություն»,-ցավով նշում է համակուրսեցին՝ Մարինե Հակոբյանը՝ հավելելով, որ Ավետիսը ոչ մի բան չի խնայել զինակիցներին բժշկական օգնություն ցույց տալու համար:
Ավետիսը 2020 թ. սեպտեմբերի 27-ից եղել է դիրքերում: Հոկտեմբերի 2-ից 9-ը Արցախի հարավ-արևելյան ճակատում՝ Արա լեռի շրջանում, այնուհետև Հադրութի մեձակայքում մասնակցել է թեժ մարտերի:
Զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 10-ին՝ վիրավոր զինակցին օգնություն ցուցաբերելու պահին՝ հրետանային արկի բեկորից»։