Ռոբերտ Հարությունյանը վաճառել է իր շենքը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը նախորդ տարի բավական մեծ վաճառք է ունեցել: Բավական մեծը հասկացեք հենց ուղիղ իմաստով: Նա վաճառել է իրեն պատկանող բազմաբնակարան բնակելի շենքը 300 հազար ԱՄՆ դոլարով: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Բացի այս մեծ վաճառքից, Հարությունյանը նաև խոշոր գումարներ է որպես փոխառություններ հանձնել: 2016 թ. վերջին իր հանձնած փոխառությունները կազմել են 304 միլիոն 886 հազար դրամ:
Արտգործնախարարի տեղակալի դրամական միջոցներն էլ նախորդ տարի կազմել են 25 միլիոն դրամ և 200 հազար ԱՄՆ դոլար: Տարեկան եկամուտները կազմել են 13 միլիոն 527 հազար, որից 4 միլիոն 119 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 9 միլիոն 408 հազար դրամն էլ՝ շահաբաժին:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Հարությունյանը ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին է, նրա քույրը՝ Էլեն Հարությունյանը, նույնպես պաշտոն ունի, նա էլ պետական գերատեսչություններից մեկում մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչի պարտականություններն է կատարում:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: