«Եվրոպական Միությունը չի ցանկանում դուրս մնալ տարածաշրջանային հետագա զարգացումներից». Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Եվրոպական խորհրդարանը երեկ ընդունել է «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն (CSDP)» եւ «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) տարեկան զեկույցները:
Այդ երկու ծավալուն բանաձեւերում առանձին անդրադարձ է կատարվում Արցախյան հակամարտությանը։
Մի շարք հանգուցային դիտարկումներ.
1. Փաստաթղթերում խիստ դատապարտվում է Թուրքիայի ներգրավվածությունը այդ պատերազմին, Ադրբեջանին ցուցաբերված ռազմական աջակցությունից մինչեւ վարձկանների հավաքագրում։
2. Ընդգծվել է, որ հարատև կարգավորումը դեռ գտնված չէ, եւ խաղաղության հասնելու տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և հիմնված լինի վերջինիս Հիմնարար սկզբունքների վրա:
3. Անհասցե, բայց խիստ քննադատել է խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների, սրբավայրերի թիրախավորումը, կասետային զինատեսակների օգտագործումը։
4. Կոչ է արել ապահովել հայկական բնակչության և հայկական մշակութային ժառանգության անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում։
5. Խիստ կարեւորվել է պատշաճ ուսումնասիրության ենթարկել պատերազմական բոլոր հանցագործությունները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին, կոչ է արվել թույլ չտալ ԼՂ-ում պատերազմական հանցագործությունների և ԼՂ հակամարտությունում արգելված զինատեսակների կիրառման անպատժելիությունը։
Հիմնական հետեւությունները.
Եվրոպական Միությունը չի ցանկանում դուրս մպալ տարածաշրջանային հետագա զարգացումներից։
Այս համատեքստում բանալիներ են հանդիսանում ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ Արցախի կարգավիճակի հարցը։
Թուրքիայի նկատմամբ ԵՄ ընդհանուր լարվածությունը թույլ է տվել այդ երկրի մասով արտահայտվել առավել խիստ ձեւակերպումներով նաեւ Արցախյան համատեքստում։
Բուն պատերազմի մասով Ադրբեջանին ուղղակի մեղադրանքներ չկան, արվում են ընդհանուր կոչեր եւ գնահատականներ՝ ուղղված երկու կողմերին։
Ռուսաստանի դեմ արտահայտված խանդի մեծ եւ ուղղակի տեսարաններ այս պահին բացակայում են։
Հայաստանը պարտավոր է գործի դնել միջազգային հետաքննչական մեխանիզմները պատերազմական հանցագործությունների փաստագրման եւ մեղավորներին պատժելու համար։ Սա կարող է սպառնալոք դառնալ ապագայում Ալիեւի գլխին։
Հայաստանը պարտավոր է, պահպանելով Ռուսաստանի հետ անկյունաքարային համագործակցությունը, ԵՄ-ի հետ այս հարցերով կառուցել բացառապես շահերի համադրման քաղաքականություն եւ չներքաշվել ՌԴ-ի դեմ հնարավոր հակադրության թակարդը։
Այս օրակարգը կարող է կյանքի կոչվել միայն նոր իշխանության դեպքում։