Անդրանիկ Քոչարյանը «բացահայտեց» պարտության պատճառները
«Տարբեր հարթակներում խոսվում է գերիների մասին՝ առանց գիտակցելու, որ այս հարցը շուտափույթ լուծում չունի։ Եվ այդ քննարկումները միայն վնասելու են գործընթացին»,- այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ այսօր տարվում են անհետ կորածներին և գերեվարվածներին հայտնաբերելուն ու հետ վերադարձնելուն ուղղված մեծ ծավալի աշխատանքներ, որոնց ներգրավված են նաև նրանց հարազատները։
«Նման թեմաներն անհարկի շահարկելը, դավաճաններ ու մեղավորներ փնտրելը պահի հրամայականը չեն։ Հասկանալի է, որ ռազմագերիների հարցը լուծելուց հետո գլխավոր խնդիրը այն է, որ վերլուծելու ենք պատերազմի ընթացքը, դասեր ենք քաղելու, կատարելու ենք անհրաժեշտ փոփոխությունները և շտկելու ենք թույլ տրված բացթողումները։ Սակայն այս պահին կարելի է պնդել, որ պարտության հիմնական պատճառը եղել է անտարբերությունը։ Տարիներ շարունակ պետական կառավարման բոլոր օղակներում ձեևավորվել է անտարբերության մթնոլորտ, որը ներթափացնել է նաև բանակ՝ աստիճանաբար բերելով պարտության»,- հայտարարեց նա։