8 զավակ, 20 թոռ ու 35 ծոռ․ աքորեցի Հրանուշ Վարդեւանյանը 100-ամյա հոբելյանն է նշում եւ ուզում է դեռ 14 տարի էլ ապրել
Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչ Հրանուշ տատի հեռախոսն այսօր չի լռում. այսօր տատը դառնում է 100 տարեկան, զանգեր է ստանում տարբեր անկյուններից: Նրան շնորհավորելու են գալիս նաեւ հարեւաններն ու բարեկամները, հաղորդում է «Անկյունը»:
100-ամյա տատը երիտասարդի պես առողջ է ու ակտիվ: Ըստ գյուղի ծխամատյանի դեռ անցյալ տարի է լրացել Հրանուշ Վարդեւանյանի 100-ամյակը, բայց ինքը վստահեցնում է, որ 2021-ն է իր 100-ամյակի տարին:
Հրանուշ տատը գոհ է ապրած կյանքից, որն ուղեկցվել էսիրով ու ջերմությամբ, միայն թե ամուսնու՝ Մուկուչի բացակայությունն է շատ զգում:
Հրանուշ տատը 8 զավակ, 20 թոռ ու 35 ծոռ ունի եւ արդեն 5 ծոռի երեխա է տեսել: 100-ամյա կինը հպարտությամբ է խոսում իր ամուր առողջության մասին. «Ես վայ-վայ արած չեմ, տեղը մտած չեմ: Խորհուրդ կտամ լավ քնեն, լավ վեր կենան, սեղան-սուփրա գցած լինի, նստեն ուտեն, խմեն, վեր կենան»:
100-ամյա Հրանուշ Վարդեւանյանը գոհ է ու երջանիկ, եւ ուզում է երկար ապրել, գոնե 14 տարի:
ավելին՝ այստեղ