Վերջին օրվա ընթացքում ավելի քան 490 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ
Tert.am-ը գրում է. Մեկ օրվա ընթացքում ավելի քան 490 փախստական վերադարձել է իրենց տները Լեռնային Ղարաբաղում, տեղաշարժի անվտանգությունն ապահովել են ռուս խաղաղապահները: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը: «Այսօր ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել ևս 491 փախստական»,-ասված է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ռուս խաղաղապահները շուրջօրյա դիտարկում են անցկացնում իրավիճակի վերաբերյալ և 23 դիտակետերում վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը, ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում իրենց մշտական բնակության վայր է վերադարձել ավելի քան 45 000 փախստական:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։