Միքայել Մինասյանը հրապարակել է ՀԱՊԿ քարտուղարի գաղտնի նամակը ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին (ֆոտո)
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀԱՊԿ քարտուղարի գաղտնի նամակը ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
Նա մասնավորապես գրել է.
«Խոստացածս փաստաթղթում հստակ նշված է, որ ՀՀ վարչապետը թուրք-ադրբեջանական ագրեսիային դիմակայելու նպատակով օժանդակության համար պետք է դիմեր ՀԱՊԿ գործընկերներին` դեռևս պատերազմական գործողությունները չսկսած:
Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ո´չ պատերազմի նախօրեին, ո´չ էլ դրա ընթացքում չդիմեց ՀԱՊԿ:
Ավելին, հաղթանակի մասին 44 օր խաբելով՝ երկիրը տարավ կապիտուլյացիայի, որովետև պարտավորություններ ուներ իր «կիրթ ու կառուցողական» ընկերոջ նկատմամբ:
Փաստաթղթում մանրամասն նկարագրված է այն, ինչին հետագայում մենք ականատես եղանք պատերազմի ժամանակ:
Փաստաթղթին կարող եք ծանոթանալ այս հղումով» ,- գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Միքայել Մինասյանը իր «Requiem / 5. Երազանքներ» տեսանյութում հայտարարել էր, որ պատերազմից 26 օր առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասը նամակ է գրել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին եւ կցել փաստաթղթերի փաթեթ, որտեղ առաջարկում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացնել ռազմական շտաբային զորավարժություններ. «Նա նկարագրում է այն պատերազմը, որին պետք է պատրաստվի Հայաստանը եւ կոչ է անում ՀՀ-ին դիմել ՀԱՊԿ-ին պատերազմ սկսվելուց առաջ, որովհետեւ ըստ այդ փաստաթղթի, Հայաստանը անկարող էր դիմանալ այն պատերազմին, որը նկարագրված էր այդ գաղտնի նամակում»: