«Իմ քայլի» հավաստիացումը. Շրջափակման մեջ հայտնված Հին Շեն եւ Մեծ Շեն գյուղերի բնակիչներին վտանգ չի սպառնում
Քաղաքացիներին, ովքեր շրջափակման մեջ են հայտնվել Հին Շեն եւ Մեծ Շեն գյուղերում, ինչպես նաեւ մի խումբ մարդկանց (62 մարդ), ով գերի է վերցվել Խծաբերդում, վտանգ չի սպառնում: Այս մասին դեկտեմբերի 22-ին Հայաստանի Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը` մեկնաբանելով իր այցը Լեռնային Ղարաբաղ:
Նրա խոսքով` իրավիճակը պարզելու նպատակով իշխող դաշինքի երկու պատգամավոր որոշեց մեկնել Ղարաբաղ եւ հնարավոր օգնություն ցուցաբերել: «Դա անվտանգության խնդիր էր եւ վերաբերում էր այն քաղաքացիներին, ովքեր Հայաստանի Շիրակի մարզի բնակիչներ են: Մեզ հաջողվեց տարբեր մակարդակներում հանդիպումներ ապահովել` ինչպես Ղարաբաղի նախագահի, այնպես էլ Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ: Մենք նաեւ զրույց ունեցանք հանրապետության օմբուդսմենի հետ եւ հանդիպումներ ունեցանք այլ կառույցների, այդ թվում` Ղարաբաղի Պաշտպանության բանակի ղեկավարության ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում մենք կարողացանք քննարկել այս երկու հատվածներին` Հին Շեն եւ Մեծ Շեն գյուղերում տեղակայված դիրքերին, ինչպես նաեւ` Խծաբերդին վերաբերող հարցեր»,- ասաց Բաղդասարյանը:
Պատգամավորը նշեց, որ վերը նշված ամեն ինչի շնորհիվ իրենց հաջողվեց հերթափոխ իրականացնել այնտեղի դիքերում: Բաղդասարյանը հայտնեց նաեւ, որ նշված դիրքերում պաշտպանություն իրականացրած 72 քաղաքացի այժմ երկրի խորքում են: Նրանց կյանքին եւ առողջությանը, ըստ քաղաքական գործչի, վտանգ չի սպառնում: «Դրանից հետո մենք նրանց ուղարկել ենք Շիրակ»,- հայտնեց պատգամավորը: