Ինչո՞ւ ես ասում՝ մենք նավթամուղ խփող չենք, բա ե՞րբ պետք է խփեինք. Բագրատյանն Արմեն Սարգսյանին դավաճան է համարում
Նիկոլ Փաշինյանից հետո երկրորդ մարդը, որին մեղադրում ենք դավաճանության մեջ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է. այս մարդուց ամեն բան սպասելի է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Այն, որ նա ՀՀ քաղաքացի չի եղել 6 տարվա, այն որ, ոմանք ասում են՝ հիմա էլ Բրիտանիայի քաղաքացի է: Այն, որ ռուսական հետախուզական ծառայություններն ասում են, որ նա հիմա էլ «ՄԻ 6»-ի գործակալ է: Ինքը ռուսական գործակալ էր, երբ 1988, թե 89, թե 90 թվականին գնաց Անգլիա: Սա սարսափելի վտանգավոր մարդ է, սարսափելի ոչ կոմպետենտ, դրական գիտելիքներ չունեցող, ինտրիգների մեծ վարպետ: Այս պահին մենք համաշխրհային կարգի մեկ ինտրիգան ունենք, դա Արմեն Սարգսյանն է:
Նա հոկտեմբերի 10-20-ի ընթացքում երեք անգամ տալիս է հարցազրույց ու ասում՝ ամոթ չեք անում, բան մենք գազամուղ, նավթամուղ խփո՞ղ ենք: Չգիտես ինչու պատերազմի օրերին նա արտակարգ հետաքրքրություն է ցուցաբերում նավթամուղերի ու գազամուղերի նկատմամբ: Ղարաբաղի ղեկավարներից ասում են, որ վերջին 2,5 տարում Արմեն Սարգսյանը 2-3 անգամ է այցելել ու երբեք չի գիշերել, նույն օրը հետ է գնացել:
Ինչո՞ւ ես ասում՝ մենք նավթամուղ խփող չենք, բա ե՞րբ պետք է խփեինք: Այդ նաթվի 60 տոկոսը հոսում էր դեպի Իսրայել՝ զենքի դիմաց: Դու ո՞վ ես, քեզ վափշե որտեղի՞ց են բերել»,-ասաց Բագրատյանը:
Նրա խոսքով, բավական կասկածելի էին նրա հայտարարությունները նոյեմբերի 10-ից հետո, թե ինքը տեղյակ չի եղել. ստում է. «Առավոտյան հայտարարում է՝ տեղյակ չեմ եղել, մեկ օր հետո թռչում է Հորդանան: Երկիրը կապիտուլյացիա է եղել, ինքը գնում է զբոսաշրջության խնդիրներով: նա թռել է Նիկոլի ինքնաթիռով, դա էլ դարձել է կաշառքի կամ հյուրասիրության ձեւ: Եթե Նիկոլի հետ լավ եք, ինքը հյուրասիրում է կառավարության ինքնաթիռով: հետո հորդանանից նա թռչում է մեկ ուրիշ արաբական երկիր»: