COVID-19-ի մուտացիայի պատճառով՝ ավելի քան 20 երկրներ սահմանափակել են օդային երթևեկությունը
Աշխարհի ավելի քան 20 երկրներ, կորոնավիրուսի նոր մուտացիայի ֆոնին, դադարեցրել են տրանսպորտային կապը Մեծ Բրիտանիայի հետ: Այս մասին հաղորդել է «Sky News»-ը:
Մեծ Բրիտանիայից մուտքի սահմանափակումները մտցվել են հիմնականում եվրոպական երկրների կողմից: Ավստրիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Դանիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և Չեխիայի իշխանությունները Մեծ Բրիտանիայի հետ օդային երթևեկությունը ժամանակավոր դադարեցնելու որոշում են կայացրել: Պորտուգալիան բաց է միայն Բրիտանիայից եկող իր քաղաքացիների համար: Շվեդիան պատրաստվում է պաշտոնապես միանալ վերոնշյալ երկրների ցուցակին: Իսպանիան նույնպես ծրագրում է դադարեցնել օդային երթևեկությունը՝ ԵՄ-ի մակարդակով նմանատիպ միջոցառումներ չձեռնարկվելու դեպքում:
Նմանատիպ միջոցառումներ են ձեռնարկվել նաև աշխարհի այլ հատվածներում: Կանադան 72 ժամով դադարեցրել է օդային երթևեկությունը Մեծ Բրիտանիայի հետ: Իսրայելն արգելել է Մեծ Բրիտանիայից մուտքը՝ բացառությամբ սեփական քաղաքացիների: Կոլումբիայի, Սալվադորի, Չիլիի, Արգենտինայի և Մարոկկոյի իշխանությունները ևս դադարեցրել են տրանսպորտային հաղորդակցությունը Բրիտանիայի հետ: Սաուդյան Արաբիան ամբողջությամբ փակել է սահմանները և մեկ շաբաթով դադարեցրել թռիչքները:
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ԵՄ արտակարգ նիստ է լինելու, որի ընթացքում քննարկվելու է Մեծ Բրիտանիայի հետ տրանսպորտային կապի սահմանափակումների ներդրումը՝ 27 անդամ պետությունների մակարդակով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը