Հասարակական կայունության պայմաններում տնտեսական ակտիվության գործընթացներն արագ վերադասավորվում են. ՊԵԿ
Չնայած պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով ստեղծված ոչ բնականոն իրավիճակին՝ տնտեսվարողները, գիտակցելով տնտեսական կայունության կարևորությունը, շարունակում են բնականոն իրականացնել իրենց գործունեությունը, հայտնում են ՊԵԿ-ից՝ նշելով, որ հետպատերազմյան ժամանակաշրջանում նկատվում է ապրանքների և ծառայությունների ընդհանուր փաստաթղթավորման դրական տեղաշարժ։
Դրա մասին վկայում է այն փաստը, որ 2020 թվականի նոյեմբեր ամսվա գործարքների փաստաթղթավորման ծավալը Հայաստանի Հանրապետությունում նախորդ ամսվա համեմատ ավելացել է շուրջ 16.7 մլրդ դրամով կամ 3.2 %-ով:
Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ հասարակական կայունության պայմաններում տնտեսական ակտիվության գործընթացներն արագ վերադասավորվում են: Ընդհանրապես, 2020 թվականի նոյեմբեր ամսվա փաստաթղթավորման ցուցանիշները զիջում են միայն սեպտեմբեր ամսին՝ գերազանցելով մնացած բոլոր ամիսների ցուցանիշները: