Տարածվել է Լևոն Տեր–Պետրոսյանի հոկտեմբերի 19–ի չհրապարակված հայտարարության տեքստը․ ինչո՞ւ այն չի հրապարակվել
168.am-ն այսօր հրապարակել էր Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանի անցած երկու օրերին արած գրառումներին։
iLur-ը հրապարակել է այս նամակը՝ իր կողմից ավելացնելով հետևյալը․
«Ի հավելումն վերը նշվածի, պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ աջակցության նույնպիսի հրապարակային ուղերձներով հանդես էին գալու նաև ՀՀ նախկին նախագահներ Լ. Տեր-Պետրոսյանը, Ռ. Քոչարյանը և Ս. Սարգսյանը․ որպեսզի Փաշինյանի որոշումը անհապաղ հրադադարի վերաբերյալ չդիտվեր որպես նրա անձնական նախաձեռնություն և դրա ամբողջ պատասխանատվությունը չընկներ նրա վրա, ավելի պարզ ասած` նրա դեմքը փրկելու համար: Դժբախտաբար, Փաշինյանի հիվանդագին ինքնասիրությունը նրան թույլ չտվեց հասկանալ այս քայլի կարևորությունը, եւ նա կտրականապես արգելեց հրապարակել Արայիկ Հարությունյանի նամակը, դրանով խափանելով նաեւ Արցախի և Հայաստանի նախկին նախագահների աջակցության ուղերձների հրապարակումը:
Տեր-Պետրոսյանը նույնիսկ պատրաստել էր իր գրավոր հայտարարությունը, որը ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը.
«Ղարաբաղյան շարժման առաջին օրվանից «Ղարաբաղ» կոմիտեն, ՀՀՇ-ն և Հայաստանի հետագա բոլոր իշխանությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ոչ մի քայլ չեն արել առանց Լեռնային Ղարաբաղի ղեկավարության համաձայնության: Այնպես, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն կարող, ավելին` իրավունք չունեն անտեսելու Արցախի իշխանությունների պահանջը. Լևոն Տեր-Պետրոսյան»:
Հիշեցնենք, որ այս ամենը տեղի է ունեցել սույն թվականի հոկտեմբերի 19-ին, երբ դեռ պատերազմի վիճակը կատաստրոֆիկ չէր, և եթե այդ պահին կրակը դադարեցվեր, հայկական կողմը կխուսափեր հազարավոր նոր զոհերից և տարածքային հետագա կորուստներից»: