Սպիտակ տան խորհրդականները հայտարարել են, որ Թրամփը պատրաստ չէ ընդունել իր պարտությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ պատրաստ չէ ընդունել նախագահական ընտրություններում կրած պարտությունը, սակայն միեւնույն ժամանակ հասկանում է, որ պաշտոնին մնալու որեւէ շանս չունի: Այս մասին CNN-ին պատմել են Սպիտակ տան երկու խորհրդականները:
Խորհրդականներից մեկը հայտարարել է, որ Թրամփը հասկանում է, որ պարտվել է ընտրություններում:
Ընդ որում, մեկ այլ խորհրդական նշել է, որ Սպիտակ տան ներկայիս ղեկավարը ծրագրում է շարունակել վիճարկել քվեարկության արդյունքները, քանի դեռ այդպիսի հնարավորությունը կա:
Պաշտոնյաները հայտնել են նաեւ, որ Թրամփը ցանկանում է հավատալ իր հաղթանակի հնարավորությանը, փոխանցում է «Գազետա»-ն:
Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ անցկացվեցին, պետության ղեկավարի պաշտոնի գլխավոր հավակնորդներն են դեմոկրատ Ջո Բայդենը եւ գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը:
Նոյեմբերի 7-ին ամերիկյան առաջատար լրատվամիջոցները` ABC News-ը, FOX News-ը, CNN-ը, AP-ն եւ NBC-ն, հայտարարեցին ԱՄՆ նախագահական ընտրություններում ժողովրդավար Ջո Բայդենի հաղթանակի մասին: Արդյունքները պաշտոնապես դեռ չեն հայտարարվել: