«2 օրից գյուղերում ոչ մի հայ չի մնա». Սյունիքի մարզի Խնածախ գյուղին կպած 8 գյուղերը հայաթափվում են
Դեկտեմբերի մեկից Սյունիքի մարզի Խնածախ գյուղը կդառնա սահմանամերձ:
«Մեր տնից նրանց սահմանը մի 800 մետր է: Եթե Հայաստանում կա 10 սահմանին այդքան մոտ գյուղ, մեկը մենք ենք լինելու, վտանգավոր գոտում ենք հայտնվում:
Ինքնըստինքյան դժվարություններ են սպասվում, գյուղում հիմնականում անասնապահությամբ են զբաղվում: Եթե անասունը չենք կարողանալու մոտեցնենք արոտները՝ վախենալով, որ թուրքը մեր դիմաց է կանգնած, կարող է կրակել, մեր դաշտերն ու վարելահողերը սահմանին են կպած շատ մեծ դժվարություններ ենք ունենալու:
Դեռ ժողովուրդը պանիկայի չի ենթարկվում, սպասում ենք ՝ տեսնենք ինչ կլինի», Aravot.am-ին ասաց Սյունիքի մարզի Խնածախ համայնքի նախկին ղեկավար Կարո Թավադյանը: Նրա խոսքով, մինչեւ այս ամսվա վերջ հայ զինվորների գումարտակ է իրենց գյուղի մոտ տեղափոխվելու, լինելու են հենակետեր՝ սահմանը պահելու համար. «Հայկական կողմը, ըստ եռակողմ համաձայնագրի, մեր գյուղին կպած մոտ 20 կմ տարածք են ադրբեջանցիներին հանձնում, այդ կազմի մեջ են Ծիծեռնավանքը եւ եւս 8 գյուղ: Բնակիչներն արդեն թողնում են գյուղերի իրենց տները, երկու օրվա մեջ էլ մարդ չի մնա, ըստ լրատվության` ադրբեջանցիներով է վերաբնակեցվելու այդ գյուղերը: Այդ գյուղերը Քաշաթաղի շրջանում են, բայց Բերձորի գյուղերն են:
Արդեն վերահսկողություն էլ չկա, բոլորն էլ իրենց տները քանդում են, անասունները հանում են, բակերի ծառերը կտրում են, քանդում են, ավերակ են սարքում ու գնում, կեսը՝ Ջերմուկ, մի մասը՝ մեր գյուղ են գալիս: Ամեն գյուղում կան հայկական եկեղեցիներ, որոնք դարերի պատմություն ունեն»: