Սրան էին արժանի՞, որ անտառային կենդանիների և փտած դիակների կողքին մնան էսօր. Ժամկետայինի ծնող
Բոլոր զինվորները հազում են, ու ոչ մի երաշխիք չկա, որ առողջական ավելի վատ վիճակում չեն հայտնվի։ Այդ մասին այսօր` նոյեմբերի 26-ին, Պաշտպանության նախարարության շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ժամկետային զինծառայողի մայրը։
«Անզոր ու անօգնական հայացքներ եմ տեսել, մեղք են երեխեքը։ Մենք դրա համար չէինք մեծացրել։ Պահանջս է, որ մեր Հայաստանի Հանրապետության իր քաղաքացիներին բերի Հայաստանի Հանրապետության հողի վրա ծառայելու։ Հրադադարից հետո երկու անգամ տեսել եմ որդուս, լավ չի։ Բոլորը հազում են, բոլորը գրիպոզ են ու ոչ մի երաշխիք չկա, որ իրենք առողջական ավելի վատ վիճակում չեն հայտնվի։ Պայմաններ չկան․ ինչ-որ տնակներում ներքնակները գցած մնում են։ Մազապուրծ եղած երեխեքը դրա՞ն էին արժանի։ Անցած ձմռանը իմ տղան եղել է դիրքերում, բայց նման պայմաններ չեն եղել․ ոչ մի ծածկ, ոչ մի բան, անտառային կենդանիների ու փտած կենդանիների կողքին։ Երեխես ասում է՝ մամ, մեզ բոլորը մոռացե՞լ են, դուք ձեր կյանքո՞վ եք ապրում։ Դա պե՞տք է լինի մեր պատկերը, որ հայ զինվորի մասին մոռացել են, և իրենց ոչ մեկը չի հիշում», -պատմեց նա։