Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար փորձելու է նաեւ Երեւանում արյուն թափել. Իշխան Սաղաթելյան
Նիկոլ Փաշինյանը երկրում հաստատել է ռազմական դրություն եւ այսօր այդ ռազմական դրությունը ծառայում է մեկ նպատակի, իր իշխանությունը պահելուն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի (ՀՅԴ ԳՄ) ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, որը եկել էր Կառավարության բակ՝ տեսակցելու երեկվանից հացադուլ հայտարարած ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին։
«Մինչեւ հացադուլ հայտարարելը մենք այնքան մեծ կորուստներ ենք ունեցել, այդքանը բավարար էր, որ Նիկոլ Փաշինյանը հասկանար ու հեռանար։ Մենք բազմաթիվ անգամ ասել ենք՝ իր՝ մեկ րոպե ավելի այստեղ մնալը վտանգ է մեր պետության համար, որովհետեւ ծնկի եկած, պարտված, ձախողակ ղեկավարը չի կարող այլեւս պաշտպանել ժողովրդին։ Եվ հացադուլը, եւ անհնազանդության տարբեր ակցիաները պայքարելու միջոց են, քանի որ ինքը չի հասկանում եւ այդ գիտակցումը չունի, ճնշման տակ պետք է հեռանա»,- ասաց նա։
Անդրադառնալով Կառավարության կադրային փոփոխություններին՝ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ դա Նիկոլ Փաշինյանի ձեռագիրն է. «Իր բնավորությունն է՝ իր կողքիններին զոհաբերի, ինքը փրկվի։ Գլխավոր պատասխանատուն եւ մեղավորն ինքն է։ Մեր երկիրը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առաջ, իսկ այս կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ի վիճակի չէ»։
Սաղաթելյանն ընդգծեց, որ հաջորդ Կառավարությունն աշխատելու է շատ ծանր պայմաններում. «Դրա համար մենք շեշտադրումը դնում ենք ոչ միայն վարչապետի վրա, այլեւ այն թիմի վրա, որը առանց պարգեւաճարի, պրոֆեսիոնալ, հայրենասեր կլինի, կգա գիշեր-ցերեկ աշխատի, որպեսզի կարողանանք մեր երկիրն անդունդից հանենք»։
Լրագրողի դիտարկմանը, որ ուժային կառույցները շարունակում են ակցիայի մասնակիցներին բերման ենթարկել, բիրտ ուժ կիրառել նրանց նկատմամբ, եւ հարցին՝ արդյոք բարդ չէ՞ այդ պայմաններում պայքարելը, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Նա ոստիկանական այս զորքի միջոցով փորձում է հաստատել մեկ մարդու դիկտատուրա։ Նա պիտի հասկանա, որ այդ ճանապարհով չի կարողանալու պահել իր իշխանությունը։ Նիկոլն իր իշխանությունը պահելու համար մեր ժողովրդին մեկ անգամ եւս տանելու է նոր սադրանքների։ Նա իր իշխանությունը պահելու համար փորձելու է նաեւ Երեւանում արյուն թափել»։