Պա՛պ, տղերքը կանչում են, գնում եմ. հոր հետ խոսելուց 2 ժամ անց Լևոնը զոհվել է
Հանուն հայրենիքի կյանքը չխնայած 20-ամյա Լևոն Լևոնյանը բանակ էր զորակոչվել երկու ամիս առաջ, սովորում էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի չորրորդ կուրսում:
Լևոնը առողջական խնդիրների պատճառով էր ուշ զորակոչվել. «Օգոստոսին մեկնեց ծառայության, բայց նախքան ծառայության անցնելը, 20 օր մեկուսացած է եղել կորոնավիրուսի պատճառով: Ծառայում էր Մարտունու N զորամասում: Ընդամենը 10 օրվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Լևոնի հորեղբայրը՝ Արթուր Լևոնյանը:
Հարազատների հետ խոսելիս Լևոնն ասել է, թե ինքն ապահով վայրում է, նորակոչիկներին առաջնագիծ չեն տանում, մինչդեռ, լինելով ընդամենը 2 ամսվա զինծառայող, մարտի ամենաթեժ կետում ականանետավոր էր:
Լևոնը զոհվել է Արցախի Կարմիր շուկա համայնքի հրթիռակոծության ժամանակ. «Հասցրել են ականով 2 անգամ հարվածել, և այդ պահին անօդաչու թռչող սարքը հարվածել է Լևոնիս: Ականով հարվածելուց հետո իրենք պետք է հետ քաշվեին, խրամատ գնային, բայց չեն հասցրել. 4 հոգուց 3-ը զոհվել են, մեկը՝ վիրավորվել»,- պատմեց Լևոնյանը:
Լևոնը վերջին անգամ խոսել է հայրիկի հետ՝ զոհվելուց 1.5 ժամ առաջ. «Լավ եմ, պա՛պ, տղերքը կանչում են, գնում եմ»:
Քչախոս Լևոնի երազանքն էր քննիչ դառնալ հորեղբոր պես, իսկ ծառայությունը դրա համար շատ կարևոր էր. «Շատ խելացի էր, մենք խոսեինք, ինքը՝ լսեր: Նեղվում էր, որ առողջական խնդիրների պատճառով հնարավոր է չծառայեր, բայց շատ էր ուզում, իսկ, երբ իմացավ, որ ծառայելու է, շատ էր ոգևորվել ու ուրախացել»,- ընդգծեց Լևոնի հորեղբայրը:
Արփինե Հակոբյան