Լորիս Ճգնավորյանը ներկայացրել է անկախության վերաբերյալ իր հուշերը
Ժամանակակից դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առիթով իր շնորհավորական ուղերձում «Հայաստան» պաշտոնական հաշվին է ներկայացնում անկախության վերաբերյալ իր հուշերը:
Լորիս Ճգնավորյանը հիշում է, որ 1991թ. օգոստոս ամսին հրավիրվել է վարչապետ Վազգեն Մանուկյանի գրասենյակ: Նա պատմում է, որ վարչապետը մտահոգված է եղել, որ սեպտեմբերի 21-ին ժողովրդի միայն 30%-ն է պատրաստ «այո» ասելու անկախությանը. «Իմ օգնությունն էր ուզում, թե ինչ կարող եմ ես անել այդ ուղղությամբ: Եվ ես վերադարձա Ֆիլհարմոնիկ, կազմակերպեցի մի շարք համերգներ տարբեր քաղաքներում` մեծ կամ փոքր, և սկսեցի քարոզել անկախությունը մինչև, որ սեպտեմբերի 19-ին կազմակերպեցի մեծ համերգ մինչև լույս` Արամ Խաչատրյան դահլիճում և քարոզել, և խրախուսել ժողովրդին «այո» ասելուն: Մայրերին խնդրեցի՝ իրենց ընտանիքի անդամներին տուն չթողնեն, որ մտնեն առանց «այո» ասելու: Մարդկանց հրավիրեցի փողոցներ գան, տներից դուրս գան, փողոցներում տոնեն, քեֆ անեն և պատրաստվեն մինչև 21-ը և «այո» ասեն: Եվ այդպես էլ եղավ: Եվ մեծ խանդավառություն ստեղծվեց: Եվ սեպտեմբերի 21-ին 30%-ը դարձավ 95%: Միջազգային դիտորդներ եկան գրասենյակս և ինձ շնորհավորեցին, շնորհակալություն հայտնեցին: Ես երջանիկ էի, որ կարողացանք` Հայաստանի Ֆիլհարմոնիկը և ես, միատեղ այդ խանդավառությունը ստեղծել և «այո» ասել Անկախությանը: Եվ հիմա շնորհավորում եմ Ձեզ սրտանց: Պահե՛ք, պահպանե՛ք մեր սուրբ և մանուկ անկախությունը, և թողե՛ք, որ մեծանա և դարեր, դարեր շարունակ այդպիսին մեծանա: Եվ կարողանանք մի օր ծովից ծով Հայաստանը նորից վերականգնենք: Ամեն»,- ասել է Ճգնավորյանը: