Կոսովոյի նախագահը պարգեւատրել է Թրամփին Սերբիայի հետ համաձայնագրի համար
Կոսովոյի ինքնահռչակ Հանրապետության նախագահ Հաշիմ Տաչին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պարգեւատրել է գլխավոր պարգեւով՝ Ազատության շքանշանով՝ Սերբիայի իշխանությունների հետ տնտեսական կարգավորման մասին համաձայնագրի համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նախագահ Ալեքսանդր Վուչիչի գլխավորությամբ սերբական պատվիրակությունը սեպտեմբերի 4-ին Վաշինգտոնում բանակցություններ է վարել Կոսովոյի վարչապետ Ավդուլահ Հոթիի հետ եւ տնտեսականհարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիր ստորագրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ:
«Այդ համաձայնագիրը մեկ քայլ է դեպի առաջընթացը, այն բացառիկ նշանակություն ունի կոնֆլիկտող երկու երկրների ժողովուրդների համար: Բլոկադայից տասնամյակ հետո մեր խիզախ ղեկավարության շնորհիվ պատմական համաձայնության հասանք»,-ասել է Տաչին:
«Կոսովոյի ժողովուրդը ցմահ երախտապարտ կլինի ԱՄՆ-ին՝ դժվարին պահին մեր փրկչին, որը միշտ մեզ հետո է»,-հավելել է նա եւ ԱՄՆ նախագահին հրավիրել Կոսովո:
Տաչին նաեւ հայտնել է, որ ծառայությունների համար նախագահական մեդալով պարգեւատրել է Թրամփի ազգային անվտանգության խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանին եւ Բելգրադի ու Պրիշտինայի միջեւ բանակցությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Գրենելին:
Սերբիայի ղեկավարությունը Բրյուսելի ճնշման ներքո եւ տարածաշրջանը Եվրամիությանը մերձեցնելու, ինչպես նաեւ մարզում սերբ քաղաքացիների կյանքը հեշտացնելու համար 2011-ին ստիպված էր ԵՄ-ի միջնորդությամբ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններ սկսել Կոսովոյի ալբանացիների հետ: Ձեռք բերված ամենամեծ համաձայնագրերն են՝ Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ հարաբերությունների կարգավորման սկզբունքների մասին «բրյուսելյան» համաձայնագիրը, որը կնքվել է 2013-ի ապրիլին, եւ մարզում ինքնավարության իրավունք ունեցող Սերբական համայնքների միության մասին համաձայնագիրը, որը կողմերը ստորագրել են 2015-ի օգոստոսին: Այս համաձայնագրերի իրականացման համար Բրյուսելի կողմից տրված ժամկետը՝ 2018թ․ օգոստոսի 4-ը, Պրիշտինան չի պահպանել, ինչը հետագայում հանգեցրել է Կոսովոյում լարվածության աճի: