Ռուսական ավիաընկերությունները սկսել են դեպի Հայաստան թռիչքներ իրականացնելու թույլտվություն խնդրել
COVID-19 համավարակի ժամանակ առաջին անգամ «Ռոսավիացիան» հայտարարել է Տրանսպորտի նախարարությանն առընթեր միջգերատեսչական հանձնաժողովի նիստի մասին, որը բաշխում է արտասահման թռիչքների թույլտվությունները։ Հրապարակված նյութերի համաձայն՝ ռուսական փոխադրողները ցանկանում են իրավունք ստանալ թռչելու ոչ միայն կառավարության կողմից բացված երկրներ, այլեւ թույլտվություններ ապահովել նաեւ փակ երկրների համար, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Այսպես, օրինակ, չարթերային AZUR air-ը դիմել է ՌԴ մի շարք քաղաքներից Լոնդոն, Կահիրե, Մալդիվներ կանոնավոր չվերթների թույլտվություն ստանալու համար։ Nordwind ավիաընկերությունը Կալինինգրադ-Ստամբուլ երթուղու թույլտվություն է խնդրում։ Այս երկու ուղղությունները թռիչքների համար բաց են։
Միաժամանակ, Red Wings-ը եւ «Ազիմուտը» կանոնավոր թռիչքների թույլտվություն են խնդրում ՌԴ տարածաշրջաններից դեպի դեռեւս փակ Ադրբեջան թռչելու համար, NordStar-ը, «Ուրալյան ավիաուղիները» եւ AZUR air-ը՝ Հայաստան, «Ռոսիան», «Յուտեյրը», «ՌուսԼայնը»՝ Բելառուս։ Փոխադրողները նաեւ ակնկալում են թույլտվություն ստանալ եւ թռչել դեպի Գերմանիա, Հունաստան, Վրաստան, Իսրայել, Իսպանիա, Իտալիա, Ղազախստան, Կիպրոս, Չինաստան եւ առայժմ թռիչքների համար չթույլատրված էլի մի շարք երկրներ։ Մի քանի ընկերություններ նաեւ չարթերային չվերթների թույլտվություն են խնդրել դեպի Ավստրիա, Բուլղարիա, Հունգարիա, Դոմինիկյան Հանրապետություն, Իսպանիա, Ֆրանսիա։
Որոշ փոխադրողներ ընթացիկ գարնանային-ամառային (գործում է մինչեւ հոկտեմբերի վերջը) չվացուցակի չվերթների թույլտվություն են խնդրում, որոշները ապահովում են աշնանային-ձմեռային չվերթները։
Հանձնաժողովի նիստը նախատեսված է սեպտեմբերի 17-ին հեռավար ձեւաչափով։
ՌԴ-ն COVID-19 համավարակի ֆոնին արտասահման բոլոր կոմերցիոն ուղեւորատար չվերթները դադարեցրել էր մարտի վերջին։ Օգոստոսի 1-ին փոխադրողներին թույլ էին տվել մի շարք ռուսական քաղաքներից թռիչքներ կատարել դեպի Լոնդոն, Անկարա, Ստամբուլ, Զանզիբար (Տանզանիա), օգոստոսի 10-ին՝ թուրքական Անթալիա, Բոդրում, Դալաման, օգոստոսի 15-ից՝ Շվեյցարիա։ Սեպտեմբերին վերսկսվել են կանոնավոր չվերթները Կահիրե, Դուբայ եւ Մալդիվներ։
Ավելին՝ այստեղ